Խորհրդանշական ուխտագնացություն «100 դուռ» նախագծով

Խորհրդանշական ուխտագնացություն «100 դուռ» նախագծով

Դեկտեմբերի 29-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «100 դուռ» խորագրով լուսանկարների ցուցադրության բացումը:


Սրահի մուտքի մոտ կազմակերպիչները Մշո Ս. Առաքելոց վանքի փրկված դռան լուսանկարի «փազըլ» էին տեղադրել, որը պետք է հավաքվեր հրավիրյալների կողմից: Այդ դուռը ցեղասպանության ժամանակ հավատավոր մարդկանց շնորհիվ փրկվել է ու այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Սրբազան հայրն առաջին պատկերն ամրացրեց «փազըլի» վրա, ապա նրա նախագահությամբ Տերունական աղոթքով սկսվեց միջոցառումը:


Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց «100 դուռ» նախագծի մասին, թե ինչպես ձևավորվեց գաղափարը, ինչպես ամբողջ խմբով շրջեցին Հայաստանի, Արևմտյան Հայաստանի, Ջավախքի ու Արցախի սրբավայրերով, լուսանկարեցին խոնարհված և կանգուն 100 եկեղեցու դռներ: Եվ այժմ ներկայացնելով դրանք ցուցահանդեսի տեսքով` հեղինակներն այդ ուխտին հաղորդակից են դարձնում հանդիսատեսին:


Բացման ժամանակ ցուցադրվեց նաև տեսաֆիլմ, որը ներկայացնում էր նախագծի ամբողջ ընթացքը: Ծրագիրը նպատակ ունի գեղագիտության լեզվով ևս մեկ անգամ բարձրացնել մեկ դար տևող մեր պայքարի շարունակականությունը և մեր խոնարհումը բերել Հայոց Ցեղասպանության նահատակներին:


Ծրագիրը նախաձեռնել է Խաչատուր Եղոյանը: Լուսանկարիչն է Ռուբեն Մարտիրոսյանը, նախագծի հոգևոր աջակիցը` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանը:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-12-29
×