Նոր տարվա գիշերը, կանգնելով ժամանակի խորհրդի առաջ, ակամայից ցանկանում ես ի մի բերել հույսերդ, ցանկություններդ, լսել դրացիների մաղթանքները և հույսեր կապել այդ մաղթանքների հետ: Գրեթե միշտ մեր հայացքն ենք ուղղում դեպի անորոշ ապագան՝ ակնկալելով մեր ցանկությունների ու երազանքների իրականացում: Այսպիսին է մարդը. երբեք չի դադարում երազել, ցանկանալ, հույս ունենալ:
Նոր տարվա շեմին, առավել քան երբևէ, մենք կանգնում ենք ժամանակի խորհրդի առաջ: Ժամանակի հոսքն ամեն վայրկյան մեզանից խլում է մեր թանկ ժամանակը և այն դարձնում անցյալ՝ մեզ կանգնեցնելով անորոշ ապագայի առաջ: Մեր խնդիրը, ոչ թե ժամանակի դեմ պայքարելն է, այլ՝ անցնող ամեն մի վայրկյանը ներկայի մեջ արժևորելը՝ քրիստոնեական առաքինությամբ ու աղոթքով: Այս համոզումով բազմաթիվ ընտանիքներ ամանորի գիշերը համախմբվել էին եկեղեցիներում՝ անցնող տարին աղոթքով ճանապարհելու և նորը՝ դիմավորելու:
Արարատյան Հայարապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Հանրապետական մաղթանքը կատարվեց առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Հընթացս արարողության Սրբազան Հայրը հայցեց Աստծո օրհնությունն ու ողորմությունը Հայաստան աշխարհի պահպանության, խաղաղության, շինության և անսասանության համար:
Մաղթանքին հաջորդեց Նռնօրհնեքը, որը հաստատվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և կատարվում է արդեն երկրորդ տարին` Ամանորի գիշերը, Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում:
Արարողության վերջում Սրբազան Հայրն, օրհնելով և շնորհավորելով ներկաներին ամանորի առթիվ, կարևորեց նախորդ տարվա հոգևոր, ազգային և թեմական կյանքում արձանագրված ձեռքբերումները, որոնք պետք է նոր տարում էլ ավելի ամրագրել ու զորացնել: Ապա՝ անրադառնալով անցնող տարում ունեցած կորուստներին ու փորձություններին, հորդորեց՝ դրանք հաղթահարել քրիստոնեական սիրով, զսպանակաված կամքով, ամուր հավատքով և Տիրոջ օրհնությամբ:
Հայկական ավանդության մեջ նուռն` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի և առատության խորհուրդը: Քրիստոնեական ընկալումների մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան, հրաշափառ Հարության ու Աստծու շնորհների բազմազանության: Հայոց Եկեղեցում նռան հատիկները խորհրդանշում են Եկեղեցու անդամներին, որոնք ամփոփված լինելով նռան ամուր կեղևի մեջ` խորհրդաբար ներկայացնում են հավատացյալների միությունը Առաքելական Եկեղեցու հովանու ներքո:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին