Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Այդ առթիվ Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Սուրբ Ծննդյան հանդիսավոր Ս. Պատարագը մատուցեց թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ս. Պատարագի ընթացքում Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը:
Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը կատարեց Ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Այս տարի ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավորը Արմեն Բադալյանն է: Շնորհավորելով Արմեն Բադալյանին խաչքավորի պատասխանատվությունը ստանձնելու համար՝ Տ. Նավասարդ Սրբազանը նրան հանձնեց Ջրօրհնեքի խաչը, որը մինչև հունվարի 13-ը կմնա խաչքավորի տանը:
Արարողության ավարտին Սրբազան հայրը պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին:
Դեռ նախորդ երեկոյից մարդիկ իրար ողջունում են «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ: Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի» ավետիսով: Սուրբ Ծննդյան ավետիսը հավատացյալներին փոխանցվում է Ճրագալույցի Ս. Պատարագի ավարտին:
Վաղը` հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը, հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրմիներին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնն ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնով: Ըստ մովսիսական օրենքի, ծնողները ութ օրական Մանուկ Հիսուսին տարան տաճար` ընծայեցին Աստծուն, անվանակոչեցին Հիսուս, ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել և թլպատեցին:
Սուրբ Ծննդյանը հաջորդող ութ օրերի ընթացքում քահանաներն այցելում են հավատացյալների տներ, նրանց են փոխանցում Ս. Ծննդյան ավետիսն ու տնօրհնեքի կարգ կատարում:
ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
ՄԵՐ ՏԻՐՈՋ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
(Սուրբ Էջմիածին, 6 հունվարի, 2016 թ.)
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Փառք ի բարձունս Աստուծոյ,
և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»
(Ղուկ. 2:14):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջև:
Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս, և Փրկչի աշխարհ գալով սկսվեց ճանապարհը Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով Նրանից հեռացած մարդկության դարձի և փրկության: Իր Որդու մարդեղության խորհրդով Աստված մարդկանց ժառանգորդ դարձրեց երկնից արքայության և Նրա միջոցով ցույց տվեց այդ փառքին արժանանալու ուղին` ըստ հրեշտակների օրհնաձայն փառաբանության`«յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
Մարդեղացյալ Աստվածորդին Իր փրկչական առաքելությամբ շրջափոխեց պատմության ընթացքը` կոչելով մարդկանց սիրո և խաղաղության սկզբունքի վրա հաստատելու կյանքը: Քրիստոս մարդկանց պարգևում է այս աշխարհում մեծագույն բարիքը` Իր խաղաղությունը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. 14:27),- ասում է Տերը:
Փրկչի խաղաղության կոչին ու հրավերին հանդիման մեր ժամանակի մեծագույն մարտահրավերներից է անհատի, հասարակությանց ու պետությանց կյանքում խաղաղության խաթարումը: Մարդկությունը 21-րդ դար թևակոխել է մեծ տագնապներով: Հակամարտություններ, աշխարհաքաղաքական շահերի բախում, ճգնաժամեր, հումանիտար աղետներ շարունակում են հուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողություն ու անվստահություն, սփռել ավերածություն, աղքատություն, տառապանքներ:
Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում հոգևոր-բարոյական արժեքները, առավել տարածում են գտնում կեղծիք, մոլություններ, սպանություններ, սասանվում են ընկերային կյանքի, ընտանիքի հիմքերը: Ծայրահեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբավորումները հավատքի անունով մահ ու ավեր են սփռում հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ այլ ժողովուրդների կողքին տառապում և զրկանքներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները:
Կործանարար ու կորստաբեր այս իրավիճակներից մարդկությունը ելք և կարգավորման ուղիներ է փնտրում, որոնց անորոշության մեջ, բարձրացող հարցականների առջև այսօր քաղցրորեն հնչում է մեր հոգիներին Բեթղեհեմում աշխարհ եկած Փրկչի հուսադրող խոսքը: «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս ինչպես այս աշխարհն է տալիս»: Քրիստոսի պարգևածը այս աշխարհի խաղաղությունը չէ, որն անհաստատ է և անկայուն: Քրիստոսի խաղաղությունը հոգու խաղաղությունն է, որ խարսխված առ Աստված հավատքի, Աստծո խոսքի ու պատվիրանների վրա` վերափոխում է կյանքը: Այն բնակվում է անչար սրտում, ճշմարտության, արդարության մեջ, զորանում է հավիտենական կյանքի հույսով ապրող հոգիներում: Այս իմաստով առաքյալն ասում է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Հիսուս Քրիստոսով» (Փիլ. 4:7): Արդարև, կյանքը կանգուն է Աստծո սիրով լեցուն հոգու խաղաղությամբ: Ամեն բան անհաստատ է, երբ մարդկանց մեջ տկարանում է Աստծո ներկայության զգացումը, երբ մարդկային առնչություններից մինչ ազգերի ու պետությունների հարաբերություններ կառուցվում են սոսկ սեփական շահերի ու ձգտումների կամ՝ պարտադրանքի վրա: Գտնել Քրիստոսի խաղաղությունը, նշանակում է ունենալ սեր և երջանկություն ընտանիքներում, համերաշխություն ու բարօրություն հասարակությանց ու պետությանց մեջ: Մարդեղացյալ Աստվածորդին, բոլոր դարերում և բոլոր ժողովուրդների կյանքում պարգևում է զորությունը` իրագործելու Աստծո հետ հաշտության և մարդկանց մեջ հաճության պատգամը, պարգևում է զորությունը ընդունելու երկնային փրկարար շնորհները, որոնք բնակվում են մեր մեջ, երբ համախմբված ենք խաղաղություն, արդարություն հաստատելու, աջակցություն և մխիթարություն բերելու: «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3:17):
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, հայրենական մեր կյանքում ևս ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը: Տարիներ շարունակ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Վերջինս մեր սահմաններում սադրանքների է դիմում՝ ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Հավատում ենք, որ խաղաղության նախանձախնդրությամբ և առ Քրիստոս հավատքով զորացյալ՝ մեր ժողովուրդը իր հոգու խաղաղությունը պիտի պատվար դարձնի ընդդեմ թշնամյաց հարձակումների, անխորտակելի վահան՝ ընդդեմ հայրենյաց սահմանների ոտնձգությունների՝ հերոսաբար պաշտպանելով մեր երկիրն ու սրբազան արժեքները և կուռ ու միասնական ոգով ներդնելով իր ջանքերը դժվարությունները հաղթահարելու, շենացնելու մեր հայրենիքը, աշխարհասփյուռ մեր կյանքը: Սիրելիներ, Քրիստոս է մեր զորությունը: Աներկմիտ, անվարան հավատքով հետևենք մեր Տիրոջ պատգամներին: Մեր Փրկչի քաջալերող խոսքի համաձայն՝ թող մեր սրտերը չխռովվեն և չվախենանք:
Ապավինենք ոչ միայն մարդկային մեր տկար ուժերին, այլև՝ Աստծո օրհնությանը, որը կարող է մեզ համար անհնարինը հնարավոր դարձնել: Պարտավորվածությունից առավել թող մեզ առաջնորդեն ծառայության, սիրո ու նվիրումի ոգին, որով ծնունդ առած մեր գործերը հանապազօրյա անհրաժեշտություն են՝ իրականացնելու համար ազգային զարթոնքի, լուսավոր գալիքի մեր տեսիլքները:
Մեր Փրկչի Ծննդյան այս սուրբ օրը բերկրությամբ լեցուն մեր հոգիներից միասնաբար աղոթք բարձրացնենք երկինք, որ Քրիստոս մեր Տերը երկնային շնորհներով, հավատքով, հույսով ու սիրով զորացնի մարդկանց հոգիները` կերտելու ապահով, խաղաղ ու բարօր աշխարհ, խաղաղ պահի նաև մեր երկիրն ու ժողովրդին, օրհնի մեր կյանքն այս աշխարհում և առաջնորդի դեպի հավիտենական կյանքի լույսը:
Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հանապազ աղոթքն և մաղթանքն ենք, իբրև պատգամ, կրկին հնչեցնում՝ Խաղաղություն ամենեցուն:
Սուրբ Ծննդյան մեծասքանչ ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Առաջին տիկնոջը, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհությունն ենք բերում աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին՝ հոգու բերկրությամբ ողջունելով.
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
ձեզ եւ մեզ մեծ աւետիս։