Կախվածությունը դատավճիռ չէ. «Ելք կա: Ինչպես այն գտնել»

Կախվածությունը դատավճիռ չէ. «Ելք կա: Ինչպես այն գտնել»

Հունվարի 8-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ «Ելք կա: Ինչպես այն գտնել» խորագրով սեմինարը: Այն վարեց միջազգային հեղինակություն վայելող` Քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին աշխարհ» («Старый Свет») հիմնադրամի վարչության նախագահ, վերականգնողական ծրագրերի տնօրեն, հոգեբան Եվգենի Պրոցենկոն: Նա Հայաստանում է ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» տնօրեն՝ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերով: Սեմինարն անցկացվեց հոգևորականների, ծխական համայնքի սոց. աշխատողների և այն կամավորների համար, ովքեր ցանկանում են աշխատել, կամ՝ աշխատում են կախվածություն ունեցողների հետ:


Հանդիպումը Տ. Գրիգորի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով:


Ե. Պրոցենկոյի դասախասությունը երկու ուղղվածություն ուներ` «Կախվածության խնդիրն ու այն լուծելու ուղիները» և «Մենք ինչ կարող ենք անել. սկիզբը և հաջորդող քայլերը»: Նա խոսեց այս հիվանդության, դրա հոգևոր ու համալիր բնույթի, թմրամոլության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանության, կախվածության խնդրի նկատմամբ տարբեր մոտեցումների ու դրանց արդյունավետության գործոնների մասին: Հատուկ անդրադարձ կատարվեց թմրամոլության բուժման թերապևտիկ մեթոդին, դրա տեսակներին և քրիստոնեության ու եկեղեցու հետ կապին:


Ե. Պորոցենկոն թեմում հանդես կգա ևս մեկ սեմինարով, որը հասցեգրված է ալկոհոլից, թմրանյութերից, մոլեխաղերից, ինտերնետից և այլ կախվածություն ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են ելք գտնել իրենց կախվածությունից և նրանց հարազատներին: Սեմինարը կանցկացվի ԱՀԹ «Ցերկային կենտրոնում»:


ԱՀԹ «Ցերեկային կենտրոնը» հաճախ է հյուրընկալում միջազգային հեղինակություն ու փորձ ունեցող մասնագետների, ովքեր հանդիպում են ոչ միայն աշխատակազմի, հոգևորականների ու կամավորների հետ, այլև կենտրոնում գրանցված` կախվածություն ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ու նրանց հարազատներին: Իրենց փորձն ու գիտելիքն են փոխանցել Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավար Վալենտինա Նովիկովան և «Անանուն թմրամոլներ» միջազգային կազմակերպության ռուսաստանյան ներկայաչուցիչները:
 

Տեղեկատվական բաժին

  • 2015-01-08
×