Սրբապատկերի օծում և տնօրհնեք ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում

Սրբապատկերի օծում և տնօրհնեք ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ում

Հունվարի 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օծեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Ս. Աստվածածին նորակառույց մատուռի սրբապատկերը: Սրբազանն հորն ուղեկցում էին ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» տնօրեն Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը: ՁԻԱՀ-ի ԿՀԿ տնօրեն Սամվել Գրիգորյանը Սրբազան հորը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ծրագրերը:


Սրբապատկերի օծման արարողությունից հետո Սրբազան հայրը կենտրոնում Տնօրհնեքի կարգ կատարեց: Շնորհավորելով կենտրոնի աշխատակիցներին Ս. Ծննդյան տոնի առթիվ` Սրբազան հայրը մասնավորաբար ասաց. «Մեզ համար հոգևոր մեծ ուրախություն է արձանագրելու այն փաստը, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացվել է այս մատուռը, որն օրհնվեց դեռ անցյալ տարի: Այստեղ առկա աղոթական մթնոլորտը վկայությունն է ձեր հավատքի, որը մարմնացել է ի դեմս այս մատուռի, նրա սրբապատկերների և հարդարանքի: Ս. Հոգու ներգործությամբ այն դարձել է Աստծո բնակարան, որի առաքելությունն է մարդկանց՝ իրենց տկարություններից ազատագրելով, մխիթարելով ու հավատքի մեջ զորացնելով, վերադարձնելու աստվածային պատկերը, որը մարդու հոգում հավիտենականության արտացոլանքն է: Այդ հավիտենականության կնիքն է այն հիմքը, որով վերականգնվում է մարդը՝ հոգեպես և ֆիզիկապես: Թող Աստված օրհնի ձեզ և առողջ պահի ամենքիդ, որպեսզի կարողանաք հիվանդներին առողջացնել՝ հոգով, մտքով և նաև մարմնով. Ամեն»:


Կենտրոնի տնօրենի և աշխատակազմի ջանքերով 2015թ. դեկտեմբերին կենտրոնում օրհնվել ու գործում է Ս. Աստվածածին մատուռը: Կյանքի դժվարությունների առաջ հայտնված անձիք ու նրանց հարազատներն այստեղ հոգևոր մխիթարություն են գտնում և իրենց աղոթքն են առաքում առ Աստված:


ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում հաճախակի են կազմակերպվում հոգևորականների հետ հանդիպումներ ու զրույցներ: Տնօրենի խոսքով հոգևոր մթնոլորտը դրական ազդեցություն է ունենում իրենց այցելուների վրա:


ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն սերտորեն համագործակցում է ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» հետ, որտեղ հոգևոր ու սոցիալական աջակցություն է տրամադրվում թմրամիջոցներից կախվածություն ունեցող և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց:
 

Տեղեկատվական բաժին

  • 2016-01-12
×