Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը բերվեց ԱՀԹ

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը բերվեց ԱՀԹ

Հունվարի 14-ին Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամաբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցի բերվեց սրբի մասունքակիր աջը: Նույն եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ աքրեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Անուշավան քահանա Կոշեցյանն էր:  
 

Հավարտ Ս. Պատարագի Տ. Նավասարդ Սրբազանը սուրբ մասունքով օրհնեց հավատավոր ժողովրդին: Շնորհավորելով բոլոր ներկաներին և ի մասնավորի` Հովհաննեսներին, Մկրտիչներին ու Կարապետներին Սրբի տոնի ու իրենց անվանակոչության առթիվ Սրբազան հայրն ասաց. «Այսօր մեր համախմբման հիմնական նպատակը հաղորդակից լինելն է Ս. Հովհաննես Մկրտչի մասունքին: Հովհաննես, Մկրտիչ, Կարապետ… Այս անունները ցույց են տալիս Սրբի առաքելությունն, ով ընթացավ Տիրոջ առջևից և ապաշխարության խորհրդով պատրաստեց մարդկանց սրտերը՝ ընդունելու Փրկչին:
 

Ինչպիսի՞ն էր նա. կոշտացած մաշկով, կիզիչ արևից վառված դեմքով, ում խոսքերը, սակայն, նետի պես խոցում էին մարդկանց սրտերը: Անողոք էր, անկաշառ, ճշմարտության զինվոր: Ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ մարդիկ մշտապես խոսում էին ճշմարտության մասին, սակայն մարդկային հոգին վերածվել էր անապատի: Հովհաննես Մկրտիչն անապատում լսեց Աստծո ձայնը և մարդկանց բազմության մեջ հնչեցրեց Ճշմարտությունը:
 

Լավ է, երբ մարդը սուտ չի խոսում, առավել լավ է, երբ ճշմարտությունն է հայտարարում, բայց երանելի է  նա, ով ճշմարտության կրողն ու իրագործողն է, որովհետև այդ կերպ կատարում է Տիրոջ պատգամը. նրան կխաչեն, կգլխատեն, բայց նա կհաղթի, քանի որ կյանքով փաստված և իրագործված ճշմարտությունը կեղծել հնարավոր չէ, այն կհաղթահարի բոլոր դժվարությունները, որովհետև այդպիսի ճշմարտությունն աստվածային է, ոչ թե մարդկային:
 

Այսպիսի մի մարգարե էր Ս. Հովհաննես Մկրտիչը, ով անողոք էր չարի ու կեղծիքի հանդեպ՝ մարդկանց հորդորելով կրողը լինել աստվածային ճշմարտության: Խոսքի և գործի ներդաշնակությամբ Ս. Հովհաննես Մկրտիչը մարդկանց սրտերում վառեց աստվածային ճշմարտության լույսը:
 

Թող այդ լույսն անշեջ մնա ձեր հոգիներում, որպեսզի կարողանանք Ս. Հովհաննես Մկրտչի պատգամին և ապաշխարության կոչին ականջալուր լինել՝ արժանանալով Սրբի բարեխոսությանը:  Շնորհը, սերը, խաղաղությունը թող լինեն ձեզ հետ. Ամեն»:
 

Արարողության ավարտին Սրբազան հայրը Պապհանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին:
 

Սրբի մասունքը եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամերգությունը. հարյուրավոր հայորդիներ հնարավորություն ունեցան հաղոդակից լինելու սրբությանը` իրենց խոնարհումը բերելով Ս. Հովհաննեսին և նրա բարեխոսությունը խնդրելով:
 

Ս. ՀովհաննեսՄկրտիչը քրիստոնեական ընդհանրական եկեղեցու մեծագույն սրբերից է: Հայ Եկեղեցին նրան նվիրված չորս տոն ունի: 
 

Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:
 

Ս. Հովհաննես Մկրտիչը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Մկրտչի մորն, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»:

 

Տեղեկատվական բաժին

  • 2016-01-04
×