Հունվարի 14-ին ԱՀԹ առաջնորդարանում սիրիահայերի համայնքը նշեց Ամանորը և Ս. Ծնունդը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Սրբազան հայրը ողջունեց սիրիահայերին` նշելով, որ ուրախությամբ է փաստում նրանց` թեմի հոգևոր ու համայնքային կյանքում ներգրավված տեսնելով:
Տոնախմբությունը կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միությունը: Միջոցառումն անցավ սիրիահայ համայնքի ավանդույթներով ու հյուրասիրությամբ համեմված: Միջոցառումը իրական տոնի վերածվեծ, երբ Կաղանդ պապը և ծաղրածուն շնորհավորեցին երեխաների Ամանորը և թեմի կողմից նվերներ փոխանցեցին շուրջ 40 սիրիահայ երեխաների:
Տոնախմբությունը շարունակվեց սիրիահայ երգիչների կենդանի կատարումներով և հյուրասիրությամբ:
Արդեն մի քանի տարի է Հայաստան վերադարձած սիրիահայերը Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ իրենց նոր համայքն են ձևավորել Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում` հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի զորակցությամբ: Նրանք իրենց համայքային սովորությունները պահպանում են` նշելով բոլոր տոները, մասնակցելով ուխտագնացությունների և հատուկ իրենց համար կազմակերպվող արևմտահայերեն քարոզների: «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միությունն ատենապետուհի Զարուհի Համալյանի գլխավորությամբ ակտիվ է պահում համայքային կյանքը` փորձելով իրականացնել ոչ միայն հոգևոր, այլև նյութական աջակցություն: