ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ հունվարի 17-ին տեղի ունեցավ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության և կիրակնօրյա դպրոցի սաների «Սուրբ Ծննդյան գիշեր» ներկայացումը՝ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Ներկայացման կազմակերպմանն ու կայացմանը մասնակցությունն են ունեցել «Զորավոր» երիտասարդաց միության անդամները, ծնողները, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ, սցենարի հեղինակ՝ Տաթև Պետրոսյանն, ում ցանկությունն է եղել, որ երեխաները Սբ. Ծննդյան տոնի շնորհիվ միշտ հիշեն քրիստոնեական դաստիարակության մասին:
Հանդիսատեսը համակ ուշադրությամբ հետևում էր փոքրիկ հերոսի՝ Վահանի հետ կատարվող իրադարձություններին, ում ծնողներն արտերկրում էին և նա Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում էր Հայկանուշ տատի հետ: Վահանն իր ընկերների հետ դիմում է տատին՝ Ձմեռ պապի իրական կամ հորինված կերպար լինելու մասին իրենց միջև ծագած վիճաբանությանը վերջ դնելու համար: Տատը մանրամասնորեն պատմում է նրանց Սբ. Նիկողայոսի, նրա ծածուկ բարեգործությունների մասին, ում գործն այսօր շարունակում են Ձմեռ պապը, Սանտա Կլաուսը, Պեր Նոելը, Կաղանդ պապը՝ տարբեր երկրներում ունենալով տարբեր անուններ: Երեխաներն ուրախանում են, լսելով սրբի մասին, ապա զարմանում, իմանալով, որ Հայկանուշ տատը Ամանորը նշում է ավանդաբար՝ մինչև Քրիստոսի Ծնունդը պահք պահելով, մինչդեռ երեխաները նկատել էին որ շատերի համար դա ասես շատակերության տոն լինի, ցոփ ու առատ սեղաններով, բայց տատիկը նշում է, որ կարևոր է վերականգնել մեր քրիստոնեական ավանդույթները:
Հետաքրքրասեր Վահանը ըմթերցում է Սբ. Նիկողայոսի մասին, նրան ավելի լավ ճանաչելու համար և երազում ականատես լինել Սուրբ Ծննդյան հրաշքին: Երազում իրեն հայտնված սուրբը կատարում է իր ցանկությունը՝ տղան հայտնվում է Բեթղեհեմում Սբ. Ծննդյան գիշերը՝ հրաշքների գիշերը: Արթնանալով՝ Վահանը տատիկին և ընկերներին պատմում է իր տեսածի մասին, միասին մասնակցում են Սբ. Ծննդյան Պատարագին, փոխանցում Սբ. Ծննդյան ավետիսը և երգ ու պարով նշում անչափ սիրելի տոնը:
Փոքրիկ հերոս Վահանն առաջին անգամ էր խաղում ներկայացման մեջ, և իր համար մեծ պատիվ էր նման դեր ստանձնելը: Ներկայացման շնորհիվ նա տեղեկացավ Ձմեռ պապի անցյալին ու ներկային, հավատաց հրաշքի գոյությանը և երազանքի իրականացմանը:
Տեր Վահանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին, ասաց. «Այս մանուկների շնորհիվ Սբ. Ծննդյան հրաշքը ևս մեկ անգամ մարմնավորվեց և արժևորվեց մեզ համար: Քրիստոսի Ծննդյան հրաշափառ ավետիսը յուրաքանչյուրիս համար փրկության և ուրախության մի երևույթ է, որ երեխաներն իրենց մաքուր և ջերմ աշխարհից մեզ փոխանցեցին: Թող աստվածային լույսը միշտ առաջնորդի մեզ դեպի խաղաղություն, սեր և երջանկություն»: