Ս. Սարգսի տոնը ԱՀԹ Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Սարգսի տոնը ԱՀԹ Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներում

Ս. Սարգսի տոնը ԱՀԹ Նոր Նորքի և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներում

Ս. Սարգիս զորավարի տոնն Արարատյան Հայրապետական թեմում նշվում է առանձնահատուկ ձևով: Թեմում գործող` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվում են բազմաթիվ միջոցումներ: Թեև թեմական մեծ միջոցառումները տեղի են ունենում Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, մյուս երկուսում էլ համայնքի անդամները տոնը նշում են մեծ տոնախմբություններով:
 

Հունվարի 22-ին՝ Ս. Սարգսի տոնի նախատոնակին, Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը, երիտասարդաց միությունը և եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաները հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ  խաչապտույտ իրականացրին  Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Ս. Երրորդություն եկեղեցի: Խաչերթն ուղեկցվեց Տեր հոր  աղոթք-շարականների երգեցողությամբ, խաչվառով, պաստառներով, դրոշներով, Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորով և դհոլահարների խրոխտ նվագակցությամբ:
 

Ուխտավորներին դիմավորեց Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր դասը: Եկեղեցում կատարվեց անդաստանի արարողություն, որին հաջորդեց ազգային երգն ու պարը Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու ուխտավորների կողմից:
 

Խաչերթից հետո Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում համայնքի անդամներն ու երիտասարդները մասնակցեցին խոկման արարողությանը, որը տևեց մինչև երեկոյան 22.00:
 

Օրը տոնական էր նաև հունվարի 23-ին: Հավարտ Ս. Պատարագի տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ: Այնուհետև ներկաներին, որոնց թվում էին տարբեր եկեղեցիներից եկած ուխտավորներ, բաժանվեցին քաղցրաբլիթներ և աստվածաշնչյան պատգամներով թերթիկներ:
 

Տոնը շարունակվեց եկեղեցու բակում: Այստեղ իրականացվեց ավանդույթ դարձած «Իմ սիրո Բարեխոս» խորագրով բացիկների մրցույթը: Հաղթողներն արժանացան մրցանակների, խրախուսական նվերների: Միջոցառումն ավարտվեց ուրախ երգ ու պարով:
 

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում նույնպես տոնը սկսվեց հունվարի 22-ին: Երեկոյան ժամերգությունից հետո աղի բլիթներ բաժանվեցին եկեղեցի այցելած երիտասարդներին, որոնք պատրաստել էին երիտասարդաց միության անդամները:
 

Հունվարի 23-ին, եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի գլխավորությամբ պատրաստվել էր մեծ շուքով և հանդիսությամբ նշելու տոնը: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում խաչապտույտ, այնուհետև երիտասարդների օրհնության կարգ կատարվեց: Խաչապտույտին մասնակցեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նոր Նորքի Հայորդաց տան սաները, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանողները, հավատացյալներ: Խաչապտույտն իրականացվեց Ս. Սարգիս զորավարին, նրա որդի Մարտիրոսին և 14 զինվորներին խորհրդանշող կերպարների ուղեկցությամբ: Բակում ելույթ ունեցան Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթի սաները: Նոր Նորք վարչական շրջանի դեկորատիվ կիրառական արվեստի դպրոցների սաները ցուցադրեցին իրենց աշխատանքները: Միջոցառման ավարտին կատարվեց մատաղի հյուրասիրություն:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-01-23
×