Տոնական Ս. Պատարագ և զինվորների օրհնություն Ս. Սարգսի տոնի առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տոնական Ս. Պատարագ և զինվորների օրհնություն Ս. Սարգսի տոնի առթիվ

Տոնական Ս. Պատարագ և զինվորների օրհնություն Ս. Սարգսի տոնի առթիվ

Հունվարի 23-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:

 

Մինչ Ս. Պատարագը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ եկեղեցի էին բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որն այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում:
 

Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի աջով օրհնեց զինվորներին ու հավատավոր մյուս հայորդիներին:
 

Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 11 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, բացի հոգևոր արարողակարգից, կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
 

Այս տարի ևս Ս. Պատարագի ավարտին թեմի երիտասարդաց միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կազմակերպել էին խաչերթ` Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի ու Բաղրամյան պողոտաներով դեպի Սիրահարների պուրակ: Թափորն առաջնորդում էր ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2015-01-23
×