Աստված պահապան քեզ, հա՛ յ զինվոր

Աստված պահապան քեզ, հա՛ յ զինվոր

Հունվարի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը, Դալարի Սուրբ Աստավածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը և երիտասարդաց միության անդամներն այցելեցին Իջևանի N զորամաս` շնորհավորելու զինվորներին Հայոց բանակի տոնի առթիվ: Խմբին միացել էր նաև հայկական ազգագրական պարեր քարոզող «Շավիղ» խումբը:


Իջևանում նրանց դիմավորեց զորամասի հոգևոր սպասավոր, գնդերեց Սմբատ սարկավագ Խանվելյանը՝ սպայական անձնակազմի հետ: Ավելի ուշ նրանց միացավ ավագ գնդերեց Տեր Վանանդ քահանա Անդրեսայանը:


Երկնավոր Տիրոջ նախախնամությամբ և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այդ օրը զորմասում էր գտնվում նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ջրօրհնեքի Խաչը, որը պետք է շրջի Հայաստանի բոլոր զորաասերով: Հոգևոր հայրերը, շրջելով զորամասի սահմանային մարտական հենակետերով, Խաչով օրհնեցին զինվորներին և Տիրոջից խաղաղություն ու անսասանություն խնդրեցին հայոց սահմանների համար:


Արարատի Ս.Հակոբ, Դալարի Ս. Աստավածածին և Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցիների համայնքների ջանքերով Իջևանի N զորամասի զինվորների համար ձեռք էր բերվել մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա, տաք գուլպաներ ու ձեռնոցներ, քաղցրավենիք, հյութեր, պահածոներ: Քահանաները զինվորներին նվիրեցին նաև սրբապատկերներ ու օրհնված խաչեր: Զորամասում երիտասարդներն ելույթ ունեցան ազգային երգ ու պարով, պարեցին զինվորների հետ, նրանց մի քանի պար սովորեցրին:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
Լուսանկարները՝ Եղիշե Գևորգյանի

  • 2016-01-29
×