Ավարայրից Արցախ. տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Ավարայրից Արցախ. տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Հունվարի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցում տեղի ունեցավ միջոցառում «Ավարայրից Արցախ. տոնդ շնորհավոր, հայ զինվոր» խորագրով: Տոնախմբությունը նախաձեռնել էր եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանը: Միջոցառումը նվիրված էր Հայոց բանակի տոնին և Ս. Վարդանանց նահատակների հիշատակության օրվան: Ներկա էին Մասիսի քաղաքային իշխանության և զինկոմիսարիատի աշխատակիցները:


Հայ զինվորի մեծարման տոնին իրենց մասնակցությունը բերեցին Ս. Թադեոս եկեղեցու «Գեղարդ» երիտասարդաց միությունը և մի շարք պարային համույթներ:


Երիտասարդներն ասմունքեցին, կատարեցին զինվորներին նվիրված հայրենասիրական երգեր, թատերական ներկայացման միջոցով խոսեցին ժամանակից հայ զինվորի մասին, ով կրողն է Ավարայրի ճակատամարտի ու Վարդարանց ոգու: Երիտասարդների ազգային պարերի շարքը լրացրեց հայրենասիրական ոգով լցված օրվա ռիթմը:


Մինչ միջոցառման սկիզբը Տ. Արարատի գլխավորությամբ համայնքը երկրապահ կամավորականների, պատանի երկրապահների հետ քայլեց դեպի Մասիսի զոհված ազատամարտիկների հուշարձան: Այստեղ Տեր հայրը կատարեց Հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ նահատակ ազատամարտիկների:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-01-31
×