Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ ԱՀԹ-ն ու ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Բուն Բարեկենդանի տոնին ընդառաջ համատեղ կազմակերպում են մարզական միջոցառումներ մի շարք սպորտաձևերում՝ սուսերամարտ, հայկական կոխ՝ ըմբշամարտ, աթլետիկա, ըմբշամարտ մարզաձևերից:
Փետրվարի 2-ին՝ Երևանի սուսերամարտի մարզադպրոցում տեղի ունեցավ առաջին բարեկենդանյան մրցաշարը դպրոցի սաների միջև:
ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը բացեց Տերունական աղոթքով: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի հայրական օրհնությունն, անդրադարձավ տոնի խորհրդին, ողջունեց նախաձեռնությունը, ինչպես նաև՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներին ու մարզադպրոցի տնօրինությանը թեմի երիտասարդների առաջարկին ընդառաջելու և Բուն Բարեկենդանին նվիրված մրցաշարեր անցկացնելու համար, ապա հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին ևս այս նախաձեռնումը շարունակական կլինի:
Տեր Պետրոսը շրջեց մարզադպրոցում, ծանոթացավ դպրոցի առօրյային, անցած ու ներկայիս հաղթանակներին:
Բուն Բարեկենդանին նվիրված մարզական մրցաշարերեը կանցկացվեն ևս 3 օր.
• փետրվարի 3-ին ազգային կոխ ըմբշամարտ (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց),
• փետրվարի 4-ին՝ աթլետիկա (Աթլետիկայի փակ մարզահամալիր),
• փետրվարի 5-ին՝ հունա-հռոմեական ըմբշամարտ (Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց):
Իսկ փետրվարի 7-ին՝ Բուն Բարեկենդանի տոնին, ԱՀԹ երիտասարդները կազմակերպում են մեծ տոնախմբություն:
ժամը 13.30-ին, դիմակներով շքերթ կսկսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Շքերթին կմասնակցեն թեմի երիտասարդները, Երևանի վարչական շրջաններից պարի և դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր, հեքիաթային հերոսներ, ԲՈՒՀ-երի ուսանողներ և այլք:
Ազատության հրապարակում օրը հագեցած կլինի ագզային երգ ու պարով: Կազմակերպվելու է Ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդես, թատերական ներկայացումներ, խաղեր, մրցույթներ ու մրցանակներ: