Բուն Բարեկենդանի ևս մեկ ավանդույթ այլևս իրողություն է

Բուն Բարեկենդանի ևս մեկ ավանդույթ այլևս իրողություն է

Փետրվարի 3-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցան հայկական կոխի՝ ըմբշամարտի մրցաշար և ցուցադրական ելույթներ: Մրցաշարը կազմակերպվել էր Բուն Բերեկեդանի տոնի առիթով` Արարատյան Հայրապետական թեմի ու ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ:
 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ թեմի երիտասարդական կառույցները և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Բուն Բարեկենդանի տոնին ընդառաջ համատեղ կազմակերպում են մրցաշարեր մի շարք սպորտաձևերից՝ սուսերամարտ, հայկական կոխ, աթլետիկա, ըմբշամարտ:
 

ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը բացեց Տերունական աղոթքով: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի հայրական օրհնությունն, անդրադարձավ տոնի խորհրդին և բոլորին հրավիրեց փետրվարի 7-ին ԱՀԹ երիտասարդների կազմակերպած Բուն բարեկենդանյան մեծ տոնախմբությանը մասնակցելու: Մարզիկներն ու մարզիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին հրավերն ու խոստացան ամբողջ կազմով ներկա գտնվել:
 

Ըմբշամարտի 2001թ աշխարհի առաջնության չեմպիոն Վաղինակ Գալստյանը կարևորեց եկեղեցու կողմից ազգային տոների վերհանումը և իր ուրախությունը հայտնեց բարեկենդանյան տոնակատարության մեջ հայկական կոխն ընդգրկելու համար:
 

Մրցույթն անցկացվեց հայկական ազգային երաժշտության հնչյունների ներքո. մարզիկները միավորների էին արժանանում ոչ միայն հաջող գոտեմարտ անցկացնելու, այլև լավ պարի համար:
 

Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը Տ. Պետրոսին արժանացրեց մեդալի:
 

Բուն Բարեկենդանին նվիրված ևս երկու մարզական մրցաշարերեր կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-02-03
×