Փետրվարի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթը: Ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Ողջունելով հյուրերին` քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին, որ Ս. Սարգսի տոնի առթիվ հնարավորություն են ունեցել միանալու ուսանողական ցուցահանդեսին ու ներկայացնել իրենց սաների աշխատանքները:
Իր օրհնության խոսքի մեջ Նավասարդ Սրբազանը ի մասնավորի ասաց. «Ներկայացված աշխատանքները պետք է խորահայաց լռության մեջ տեսնել: Այս անբարբառ պատկերներում դաջված են նկարիչների հոգիները, նույնիսկ այն արտանկարների մեջ, որոնք Մատենադարանի ձեռագրերից են վերցված: Այս միջոցառումը ներառված է Ս. Սարգսի տոնի շրջագծի մեջ, և բնական է, որ ներկայացված գործերում կտեսնեք նաև Ս. Սարգսի և եկեղեցական այլ խորհրդանիշեր պարունակող նկարներ: Այստեղ ներկա ուստրերին ու դուստրերին մաղթում ենք, որ լինեն աղոթական, և արագահաս Ս. Սարգսի բարեխոսությամբ իրենց իղձերն իրականանան: Թող հայոց երկնակամարում նրանցով մի լուսավոր ծիլ բացվի, որպեսզի զորացած ոգով կարողանան կերտել մեր երազած երկիր Հայաստանը: Շնորհավորում ենք բոլորիդ`մաղթելով անսպառ եռանդ ու հավատ, որպեսզի ձեր ստեղծագործական միտքը հասնի նորանոր բարձունքների»:
Ցուցահանդեսի բոլոր 60 մասնակիցները Նավասարդ Սրբազանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով: Ս. Սարգսի տոնի խորհուրդը լավագույնս ներկայացնող աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի կողմից դրամական մրցանակների կարժանանան:
Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում արդեն երկրորդ տարին կազմակերպվում են ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ:
Սա այս տարվա առաջին ցուցահանդեսն էր: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջն առաջին անգամ է միացել տոնին: Բոլոր մասնակիցներն իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն կունենան փետրվարի 7-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք Բուն Բարեկենդանի տոնախմբության ժամանակ:
Առաջիկայում կբացվի ևս երեք ցուցահանդես` նվիրված Ս. Սարգսի տոնին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
×