Ուսանողները ստեղծագործում են` մեծարելով Սերը

Ուսանողները ստեղծագործում են` մեծարելով Սերը

Փետրվարի 5-ին Ճարտարապետության և  շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երկրորդ ցուցահանդեսը: Ներկայացված էին բուհի ուսանողների գործերը` սիրո տոնի առթիվ:
 

Սրբազան հայրը ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանի և ուսանողների ուղեկցությամբ դիտեց ներկայացված ստեղծագործությունները, զրուցեց հեղինակների հետ` լսելով նրանց մեկնաբանությունները:
 

Գագիկ Գալստյանը շնորհակալություն հայտնեց Սրբազան հորը Ս. Սարգսի տոնի շրջանակում ուսանողների աշխատանքները ներկայացնելու՝ թեմի կողմից ընձեռված հնարավորության համար: Նրա խոսքով` ուսանողները սիրով են նախապատրաստվում այս ցուցահանդեսին, քանի որ այդ կերպ նրանք համախմբվում են ազգային ու հոգևոր արժեքների շուրջ:
 

Շնորհավորելով ցուցահանդեսի առթիվ` Սրբազան հայրը ողջունեց ուսանողներին ու դասախոսական կազմին` ի մասնավորի ասելով. «Ջերմորեն ողջունում եմ ամենքիդ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այս ցուցահանդես-մրցույթը կազմակերպվել է արագահաս Ս. Սարգիս զորավարի տոնախմբության շրջագծում: Ս. Սարգսի տոնը մեր գիտակցության մեջ վերարթնացնում է ավետարանական այն ճշմարտությունը, թե «Մի´ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող»: Վստահ ենք, որ այս համոզումով են ծնվել ներկայացված ստեղծագործությունները՝ փաստելով սիրո հաղթանակը: Ուստի ձեր ինքնատեսումն ու ներհայեցողությունն արտահայտող այս ստեղծագործություններն ազնվացնում են նաև մեր հոգին և առաջնորդում աղոթքի՝ «Տե´ր ամենակալ, ավելացրու մեր  հավատքը, հույսը և սերը` սերն առ Աստված, սերը հայրենիքի, մերձավորի և բնության հանդեպ»: Ուրախ ենք ձեր համալասարանի հետ այս գեղեցիկ համագործակցության համար, և տա Աստված, որ այն լինի շարունակական, որպեսզի հոգևոր կապն առավել զորանա»:
 

Միջոցառման ավարտին Սրբազան հայրը ծանոթացավ բուհում իրականացվող կրթական ու համագործակցային ծրագրերին: Նավասարդ Սրբազանն ուրախություն հայտնեց, որ բուհը թե´ Հայաստանում, թե´ նրա սահմաններից դուրս բարձր է պահում հայ ճարտարապետների ու շինարարների պատիվը, և միջազգային մրցույթներում ուսանողներն արժանանում են մեդալների, պատվոգրերի` գրավելով առաջին հորիզոնականները:
 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը երկրորդ անգամ է մասնակցում Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում կազմակերպվող ցուցահանդեսներին, որոնք իրականացվում են ստեղծագործական բուհերի ուսանողների համար: Ցուցահանդեսը մրցութային է. լավագույն աշխատանքների հեղինակները թեմի կողմից կարժանանան դրամական պարգևների:
 

Ցուցահանդեսի բոլոր մասնակիցներն առաջիկա կիրակի Բուն Բարեկենդանի տոնակատարությունների շրջանակում իրենց աշխատանքները ներկայացնելու և վաճառելու հնարավորություն կունենան Ազատության հրապարակում:
 

Սա այս տարվա երկրորդ ցուցահանդեսն է: Առաջիկայում կբացվի ևս երկու ցուցահանդես` նվիրված Ս. Սարգսի տոնին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-02-05
×