Բուն Բարեկենդանի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Բուն Բարեկենդանի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու աջակցությամբ արդեն երրորդ  տարին է` Բուն Բարեկենդանի տոնը վերածվում է ժողովրդական տոնախմբության: Այս տարի ևս թեմի երիտասարդների ջանքերով կազմակերպվեց տոնական շքերթ` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց  մինչև Ազատության հրապարակ, որտեղ հազարավոր հայորդիներ հնարավորություն ունեցան ազգային երգուպարով, խաղերով ու հյուրասիրությամբ նշել տոնը:  
 

Ինչպես հնում, այնպես էլ այս տարի թեմում տոնին նախընթաց շրջանը ևս հարուստ էր բունբարեկենդանյան իրադարձություններով:
 

Փետրվարի 6-ին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ս. Սարգսի, Ս. Վարդանանց, Ս. Ղևոնդյանց և Բուն Բարեկենդանի տոներին: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը խոսեց տոների խորհրդի մասին, շնորհավորեց սրբերի անունները կրողներին, նվերներ հանձնեց և հորդորեց նախապատրաստվել Մեծ Պահքին: Միջոցառմանը  մասնակցում էին եկեղեցու համայնքը, երիտասարդաց միությունը և կիրակնօրյա դպրոցի սաները:
 

Փետրվարի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանի մասնաճյուղում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը հանդես եկավ գրական-երաժշտական կոմպոզիցիայով: Երգչախումբը  գեղ. ղեկ. Գոհար Հարությունյանի գլխավորությամբ իր յուրահատուկ մեկնաբանությունն էր տվել Բուն Բարեկենդանի խորհրդին: Փոքրիկ երգիչները կատարեցին  հատվածներ Ս. Պատարագից, շարականներ ու ժողովրդական երգեր:
 

Երգչախմբի գրական-երաժշտական երեկոյի ընթացքում նախասրահում ցուցադրվեցին Հայաստանի ժողովրդական վարպետ, միջազգային փառատոնների դափնեկիր Անահիտ Կարապետյանի ձեռքի աշխատանքները:
 

Բուն Բարեկենդանը նշվեց նաև Երևանի վարչական բոլոր շրջաններում:
 

Արդեն երրորդ տարին Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ է նշվում Բուն Բարեկենդանի տոնը բոլոր վարչական շրջաններում: Միջոցառումներին իրենց հայրական օրհնությունն են բերում համայնքների հոգևոր հովիվները:
 

Այս տարի փետրվարի 4-7-ը  Երևանում բունբարեկենդանյան մթնոլորտ էր տիրում. մշակույթի տների, գեղագիտական կենտրոնների, դպրոցների և մանկապարտեզների սաներն ազգային երգ ու պարով, խաղերով ու ներկայացումներով,  ազգային կերակրատեսակներով ու  ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ  նշեցին տոնը:
 

Փետրվարի 7-ին՝ Բուն Բարեկենդանի տոնին, բոլոր վարչական շրջաններն իրենց դհոլահարների և պարի խմբերով միացան ԱՀԹ երիտասարդաց միությունների կողմից կազմակերպված մեծ տոնախմբությանը:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-02-07
×