Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին: Այդ օրը Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ հավարտ Ս. Պատարագի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց բարեկենդանյան դիմակներով շքերթը Մաշտոց պողոտայով դեպի Ազատության հրապարակ: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Նավասարդ Սրբազանի աջակցությամբ ու օրհնությամբ արդեն երրորդ տարին մեծ տոնախմբությամբ նշում են Բուն Բարեկենդանը` վերականգնելով տոնի երբեմնի ժողովրդականությունը:
Բազմահազարանոց շքերթին մասնակցում էին թեմի հոգևորականները, երիտասարդները, պարի և դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր, հեքիաթների հերոսներ, բուհերի ուսանողներ և այլք:
Ազատության հրապարակը բաժանվել էր մի քանի հատվածների, որտեղ մարդիկ, համախմբվելով երգուպարի խմբերի շուրջ, մասնակից էին դառնում տոնախմբությանը:
Տաղավարներից մեկում կազմակերպվել էին ազգային բակային խաղերի մրցույթներ, որոնց մեծ ոգևորությամբ էին մասնակցում թե´ երեխաները, թե´ մեծահասակները: Լավագույն մասնակիցները թեմի երիտասարդական կառույցների կողմից արժանանում էին բարեկենդանյան պատվոգրերի:
Ինտերակտիվ թատերական ներկայացումների համար նույնպես տաղավար էր առանձնացվել: Հանդիսատեսը նաև մասնակիցն էր «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ներկայացմանը:
Մի մեծ հարթակ էր տրամադրվել Ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ցուցահանդեսների մասնակիցների համար, որտեղ իրենց աշխատանքներն էին ներկայացնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Փ. Թերլեմեզյանի անվան գեղագիտության պետական քոլեջի ուսանողները:
Թեմի երիտասարդների ջանքերով կազմակերպվել էր Բուն Բարեկենդանի տոնի ավանդական ուտեստների հյուրասիրություն ու վաճառք: Իրենց ձեռքի աշխատանքները վաճառելու հնարավորություն ունեին նաև Երևանի վարչական շրջանների մշակույթի բաժինների խմբակները:
Հնում տոնը մեծ ժողովրդականություն է վայելել: Դրան պատրաստվել են երկար ժամանակ: Տոնին նախորդող 1-2 շաբաթների ընթքացքում կազմակերպվել են տոնախմբություններ, մրցումներ, եղել են առատ սեղաններ ու հյուրասիրություններ: Խորհրդային շրջանում տոնը հիմնականում նշվել է եկեղեցու համայնքներում:
Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնը կազմակերպելիս համագործակցում է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ:
Արդեն երրորդ տարին է, որ Երևանի վարչական շրջանների մշակույթի բաժիններն ավելի սերտ են համագործակցում համայնքների հոգևոր հովիվների հետ՝ բոլոր վարչական շրջաններում մեծ շուքով նշելով Բուն Բարեկենդանի տոնը:
Այս տարի առաջին անգամ տոնին նախորդող շաբաթվա ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` համագործակցելով Արարատյան Հայրապետական թեմի հետ, կազմակերպեց մի քանի մարզաձևերի մրցումներ՝ սուսերամարտի, հայկական կոխի, աթլետիկայի և հունա-հռոմեական ըմբշամարտի: Մարզիկների մոտ ազգային տոնի առթիվ կազմակերպված մրցաշարերը մեծ ոգևորություն էին առաջացրել, ինչի շնորհիվ կազմակերպիչները խոստացան բարեկենդանյան մրցաշարը դարձնել ամենամյա:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Բուն Բարեկենդանի միջոցառմանը մասնակցում էին ազգագրական երգի-պարի խմբեր, որոնց օգնությամբ հանրությունը հաղորդ է դառնում ոչ միայն մեր ազգային երգուպարին, այլև տոնի ծիսական սովորություններին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին