Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երրորդ ցուցահանդեսը

Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երրորդ ցուցահանդեսը

Փետրվարի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված ուսանողական աշխատանքների այս տարվա երրորդ ցուցահանդեսը: Ներկայացվել էին սիրո տոնի առթիվ ստեղծված ուսանողական գործերը:
 

Միջոցառումը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը սկսեց Տերունական աղոթքով: Տեր հայրը ներկաներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու ողջույնները:
 

Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց բուհի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի վարիչ Փարավոն Միրզոյանը` ուրախություն հայտնելով, որ արդեն երկրորդ տարին է`թեմի հետ համագործակցության արդյունքում իրենց ուսանողները սիրո թեմայով ներշնչվելու և ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն են ունենում:
 

Ցուցահանդեսը մրցութային է. մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները թեմի կողմից կարժանանան դրամական պարգևների: Բոլոր մասնակիցները արժանացան Նավասարդ Սրբազանի շնորհակալագրերին:
 

Արդեն երկրորդ տարին է, որ Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում կազմակերպվում են ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ: Սա այս տարվա երրորդ ցուցահանդեսն է: Արդեն բացվել են Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ու  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական ցուցահանդեսները: Առաջիկայում կբացվի ևս մեկ ցուցահանդես` նվիրված Ս. Սարգսի տոնին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-02-11
×