Ժողովրդական ավանդույթի ջերմությունը

Ժողովրդական ավանդույթի ջերմությունը

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Սուրբ Ծննդից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։

 

Համաձայն հրեական օրենքի՝ Մարիամն ու Հովսեփը քառասուն օրական Հիսուսին տանում են տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ում Աստված խոստացել էր, որ մահ չի տեսնի այնքան ժամանակ, մինչև կտեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Ավանդույթն ասում է, որ Սիմեոն ծերունին շուրջ 300 տարեկան էր: Նա ընդառաջ է գալիս մանուկ Հիսուսին՝ Նրան իր գիրկն առնելով: Այստեղից էլ՝ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
 

Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին:
 

Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որը հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է:
 

Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի` Տաճար գալուն:
 

Տեառնընդառաջը (Տրնդեզն) ամենասիրված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նոր ամուսնացած զավակներ ունեն: Նաև Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման և հարսանիքի արարողություններ:
 

Փետրվարի 14-ին՝ Տեառնընդառաջի տոնին, Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
 

Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեառնընդառաջի տոնին կազմակերպվել  են հոգևոր և ազգային բովանդակությամբ բազմաթիվ միջոցառումներ:
 

Տոնի ժողովրդական ավանդույթներից ամենատարածվածը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ ազգային-հոգևոր տոնակատարությունը: Կրակը վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում են Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում են, մյուս մասը՝ ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Նրանք պտտվում են  խարույկի շուրջը, և երբ բոցը ցածրանում է, սկսում են կրակի վրայով թռչել:
 

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստվածային սիրո հուրը։ «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-02-14
×