Փետրվարի 17 -ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված ուսանողական աշխատանքների այս տարվա 4-րդ ցուցահանդեսը: Ներկայացվել էին սիրո տոնի առթիվ ստեղծված ուսանողական գործերը:
Միջոցառումն ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը սկսեց Տերունական աղոթքով: Շնորհավորելով մասնակիցներին` Տեր հայրը փոխանցեց Նավասարդ Սրբազանի օրհնությունները, ապա Սրբազան հոր անունից շնորհակալագրեր հանձնեց բոլոր մասնակիցներին:
Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին բուհի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը և կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը` ուրախություն հայտնելով երկամյա համագործակցության համար:
Թեմի էլեկտրոնային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանը ևս շնորհավորեց ուսանողներին գեղեցիկ ու ներշնչող ցուցահանդեսի առթիվ` հույս հայտնելով, որ հաջորդ տարի ներկայացված աշխատանքներում ավելի շատ կլինեն թեմատիկ գործերը:
Ցուցահանդեսը մրցութային է. մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները թեմի կողմից կարժանանան դրամական պարգևների:
Արդեն երկրորդ տարին է, որ Ս. Սարգսի տոնակատարությունների շրջանակում կազմակերպվում են ստեղծագործական բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդես-մրցույթներ: Մի քանի տասնյակ ուսանողներ չորս բուհերից սիրո թեմայի շուրջ ստեղծված իրենց գործերով ներկայանում են`աստվածային սիրո տարբեր դրսևորումները մատուցելով ազգային երանգներով:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին