Մարտի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այցելեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր՝ երեխաների հետ Միջինքը նշելու։ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի ու Տ. Թովմա քահանա Անդրեասյանի գլխավորությամբ նրանք այցելեցին հիվանդասենյակներ:
Մինչ երեխաները հավաքվեցին դահլիճում ու խաղում էին հեքիաթների հերոսների հետ՝ Տ. Զաքարիան և Տ. Թովման Բժշկության կարգ կատարեցին հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող նորածինների համար։
Բուժվող երեխներին խաղերից, երգ ու պարից հետո Միջինքի բաղարջ հաց հյուրասիրեցին։ Բաղարջ հացի յուրաքանչյուր կտորի մեջ Երուսաղեմից բերված` օրհնած խաչ կար և բոլոր երեխաները բացի փոքրիկ նվերներից, նաև խաչեր ստացան։
«Հիմա պիտի հետաքրքրվեմ, թե ինչ է Միջինքը ու անպայման գնամ եկեղեցի»,- ասաց երեխաներից մեկը։
Հիվանդանոցի անձնակազմը և հատկապես` ծնողները ոգևորված էին այցելությամբ։
«Երեխաս մկրտված չէ, բայց այսօր եկա այն համոզմանը, որ պիտի մկրտեմ նրան»,-ասաց ծնողներից մեկը։
Իսկ Տ. Զաքարիան նշեց, որ սա առաջին, բայց վերջին այցելությունը չէ այս հիվանդանոց։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին