«Ամենախելացին»-երից մեկն ուխտի կգնա Երուսաղեմ

«Ամենախելացին»-երից մեկն ուխտի կգնա Երուսաղեմ

Մարտի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց Արմենիա ՀԸ «Ամենախելացին» նախագծի մասնակից Էդվարդ Քեշիշյանին: Էդվարդը «Ամենախելացին» հեռուստախաղի երկրորդ եթերաշրջանի այն մասնակիցն է, ով եզրափակիչ խաղում արժանացավ Արարատյան Հայրապետական թեմի կողմից սահմանված մրցանակին` «Կրոն» թեմայում լավագույն մասնակցության համար: Սահմանված մրցանակը տասնօրյա ուխտագնացությունն է դեպի Երուսաղեմ: 
 

Հանդիպմանը մասնակցում էր Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը: Էդվարդը Սրբազանի հետ հանդիպման էր եկել հեռուստանախագծի տնօրեն Նվեր Ղազարյանի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի, մայրիկի` Սուսաննա Թավուզյանի, հորեղբոր` Արարատ Քեշիշյանի հետ:


Հանդիպման ընթացքում Սրբազան հայրը շնորհավորեց Էդվարդին` թեմի սահմանած մրցանակին արժանանլու համար և տեղեկացրեց, որ ուխտավորների`Երուսաղեմ մեկնող առաջիկա խումբը գլխավորելու է Տ. Գրիգորը: Հենց այդ խմբի հետ Էդվարդն ապրիլին կմեկնի Երուսաղեմ:


Շնորհակալություն հայտնելով թեմին նման աներևակայելի նվերի համար` Էդվարդն առիթն օգտագործեց նաև մի քանի աստվածաբանական «անհասկանալի» հարցերի պատասխաններ ստանալու Սրբազան հորից:


Նավասարդ Սրբազանը կարևորեց այն հանգամանքը, որ պատանին իր երազանքին հասել է սեփական գիտելիքի ու կրթության նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքի շնորհիվ: «Ամենախելացին» նախագիծն արժանի է բարձր գնահատականի, քանի որ հասարակության մեջ բարձրացնում է կրթված մարդու արժեքը: Այս հանգամանքն էլ առիթ է հանդիսացել միանալու նախագծի աջակիցներին և խրախուսելու պատանիներին:


Հանդիպման ավարտին Սրբազան հայրը հույս հայտնեց, որ ուխտագնացությունից հետո էլ առիթ կունենա հանդիպելու Էդվարդին:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-03-02
×