Միջինքի գաթայի նշանն ընկավ դանակի տակ

Միջինքի գաթայի նշանն ընկավ դանակի տակ

Մարտի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ առաջնորդարանում երիտասարդական միությունները նշեցին Միջինքը՝ պահքի ավանդական հայկական ուտեստների հյուրասիրությամբ, երգուպարով:


Միջոցառումը Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով:
Երիտասարդաց միության անդամները ներկաներին հյուրասիրեցին միջինքի ուտեստներով՝ Կուտապ, Թթվեպաս, Օձի թթու, Թոփիկ, Մախոխապուր, Պասուց տոլմա և այլն:


Երիտասարդները պատրաստել էին նաև Միջինքի զարդ համարվող բաղարջ հացը, որի մեջ մետաղադրամի փոխարեն խաչ էին տեղադրել: Երիտասարդական միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջարկով Սրբազան հայրը կտրեց Միջինքի գաթան: Կտրելիս այն ընկավ դանակի տակ, որն ըստ ժողովրդական բացատրության խորհրդանշում է հաջողություն ողջ թեմի համար: Սրբազան հայրը խաչը նվիրեց մայրության բերկրանքին սպասող Հասմիկ Միրզոյանին:
Միջինքը տոնի վերածվեց ազգային երգ ու պարի կենդանի կատարումներով, որին միացան բոլոր մասնակիցները:


Թեմի երիտասարդները Միջինքի տոնը լայնամասշտաբ նշում են արդեն երրորդ տարին: Մասնակցում են թեմի բոլոր համայնքների երիտասարդաց միությունները:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2016-03-02
×