Մարտի 4-ին ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին հանձնեց Արարատյան Հայրապետական թեմի առաջորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի «Շնորհակալագիրը»՝ Բուն Բարեկենդանին նվիրված թեմական միջոցառմանն աջակցելու համար:
Սրբազան հոր կողմից Տեր հայրը նաև «Օրհնության և գնահատանքի գիր» հանձնեց նախարարության աշխատակից Լյովա Վարդանյանին՝ Բուն Բարեկենդանի տոնին նվիրված մարզական մրցաշարերի կազմակերպմանն անմիջական մասնակցություն ցուցաբերելու համար:
Տեր Պետրոսն ընդգծեց, որ այս տարի Բուն Բարեկենդանը մեծ տարածում գտավ նաև նախարարության աջակցության շնորհիվ. «Մեր այս համագործակցությունը մեծ արդյունք տվեց, և ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելն ու Սրբազան հոր գնահատանքը փոխանցելը: Հուսով եմ` այս համագործակցությունը շարունակական կլինի»:
Նախարար Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի, ուշադրության համար և հետագա համագործակցությանն անդրադառնալով` նշեց. «Բուն Բարեկենդանին նվիրված մրցաշարեր, հատկապես` հայկական կոխ մարզաձևի, ցանկություն ունենք անցկացնել նաև մարզերում»:
Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միություններն այս տարի արդեն երրորդ անգամ մեծ շուքով նշեցին Բուն Բարեկենդանը: Տոնին նախորդող շաբաթվա ընթացքում թեմի երիտասարդների նախաձեռնությամբ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպեց մրցաշարեր մի շարք սպորտաձևերից՝ սուսերամարտ, հայկական կոխ, աթլետիկա, ըմբշամարտ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին