Մարտի 12- ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի Մուտն ի Վիրապի տոնին, Ս. Պատարագ մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ օրվա առթիվ կազմակերպվել էին մի շարք ուխտագնացություններ:
Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավարտ Ս. Պատարագի եկեղեցու երիտասարդները հավատացյալների համար կազմակերպել էին սիրո ճաշ, որից հետո ուխտավորները մեկնեցին Արարատի մարզի Ոստան համայնք: Գյուղի մուտքից ուխավորները քահանաների առաջնորդությամբ կազմակերպեցին խաչերթ դեպի Ոստանի վերանորոգվող Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ կատարվեց Անդաստանի կարգ: Այնուհետև ուխտավորները մեկնեցին Խոր Վիրապ:
Բյուրավան- Խոր Վիրապ ուխտագնացությանը մասնակցեցին ԱՀԹ երիտասարդները՝ միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Ուխտավորաբար այստեղ էին նաև թեմի Մրգավանի Ս. Հակոբ և Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցիների համայնքները` Տ. Դավիթ քահանա Կյուրեղյանի, Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի և Տ. Երվանդ քահանա Բաբայանի առաջնորդությամբ:
Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միությունը, համայնքն ու կիրակնօրյա դպրոցի սաները հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի գլխավորությամբ խաչվառով ու շարականների երգեցողությամբ ոտքով էին անցել Խոր Վիրապ տանող ուխտի ճանապարհը:
Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը Խոր Վիրապում Ս. Պատարագ էր մատուցել տոնին նախորդող գիշերը: Ամեն տարի այս համայնքի համար ավանդույթ է դարձել Ս. Գրիգոր Լուսավորչի տոնին նախորդող գիշերը Խոր Վիրապում մասնակցել Ս. Պատարագի:
Այս օրը դեպի Խոր Վիրապ ուխտի էին եկել նաև թեմի Ս. Երրորդություն, Վեդու Ս. Աստվածածին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցիների հավատացյալները՝ Տ. Դավիթ քահանա Սահակյանի, Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի ու Վահե սարկավագ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին