Մարտի 13-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը նախաձեռնեց ոտքով ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Ս. Երրորդություն եկեղեցում հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանի օրհնությունը ստանալուց և միասնական աղոթք վերառաքելուց հետո երիտասարդները Նարեկ սարկավագ Պետրոսյանի ուղեկցությամբ ճանապարհ ընկան:
Ուխտի ճամփան երիտասարդներն անցան աղոթքներով ու շարականների երգեցողությամբ: Մայր Տաճարում ուխտավորները մասնակցեցին Ս. Պատարագի: Հավարտ Ս. Պատարագի երիտասարդներն այցելեցին Մայր Աթոռում գտնվող «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն` ծանոթանալով եկեղեցական և կիրառական արվեստի նմուշներին: Էջմիածին ուխտագնացությունն ավարտվեց Ս. Գայանե վանք այցով, որտեղ երիտասարդները ևս աղոթք բարձրացրին առ Աստված՝ իրենց ուխտի իրականացման համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին