Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը

«Քրիստոս  յարեաւ  ի  մեռելոց.  մահւամբ  զմահ  կոխեաց,

եւ յարութեամբն  իւրով  մեզ  զկեանս  պարգեւեաց.

Նմա  փառք  յաւիտեանս.  ամէն»:
 

Սիրելի´ հայորդիք,
 

Առաքելահաստատ մեր Սուրբ եկեղեցին տոնախմբում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունը:
 

«Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»: Փրկչի թափուր գերեզմանից ճառագող անստվեր լույսով մեր երկրավոր կյանքը վերստին նոր իմաստ  ստացավ: «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է,  յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26): Տերն ամենքիս սովորեցրեց, որ Հարությունը երկրի վրա Իրենո՛վ իմաստավորված և ներշնչված կյանքն է: Նա, ով հավատում է Քրիստոսին, իրեն հավերժացնում է բարի գործերով և հավիտենություն տանող արժեքներով: Քրիստոսի Հարությունը հավիտենապես ապրեցնող զորություն է, մեր հավատքի սնուցիչն ու առաջ մղող ուժը:
 

Մեր աղոթական ցանկությունն է, որ Զատկական կենսատու ավետիսն առավել զորեղացնի հայոց քրիստոնեական սուրբ հավատքը: Թող հարության հավատքի շնչով և ուժականությամբ վերակերտվեն մեր Ազգն ու Հայրենին՝ վասն փառաց Աստծո և վասն հայոց ազգի հավերժության: Ամեն:

 

Զատկական բերկրությամբ և հարուցյալ Տիրոջ օրհնությամբ՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2016-03-27
×