Մարտի 23-25-ը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոնի» հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը Մոսկվայում մասնակցեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ միջազգային համաժողովին: Այն կազմակերպել էին Ռուսաստանի Դաշնությունը և ՄԱԿ-ը՝ միացյալ ծրագրի շրջանակում և կրում էր «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագիրը:
Համաժողովին մասնակցում էին աշխարհի առաջատար գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի , Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջանի երկրներից: Ընդհանուր առմամբ՝ 2467 պատվիրակ՝ 79 երկրներից: Հայաստանից համաժողովի պատվիրակների թվում էին նաև ԵՀԽ հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը: Համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների քրիստոնեական, մուսուլմանական և հրեական համայնքների պատգամավորությունները:
Համաժողովի բացմանը «Ազատություն» թեմայով ելույթ ունեցավ Նելսոն Մանդելայի թոռը՝ հարավաֆրիկյան քաղաքական գործիչ, «Աֆրիկայի ծաղկումը» հիմնադրամի ղեկավար Նդաբա Մանդելան: Նրա ելույթը մեծ արձագանք ունեցավ: Իր խոսքում նա անդրադարձավ ողջ աշխարհով մեկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների և ազատության խնդրին՝ մասնավորապես նշելով. «Համաժողովին դուք կքննարկեք միլիարդի հասնող այն ծախսերը, որ անհրաժեշտ կլինի ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման համար, այնինչ մարդու արժանապատվությանը հարգանքով մոտենալը ոչ մի գումար չարժի, այդ պատճառով էլ այն անգին է»:
Երեքօրյա համաժողովի ընթացքում անցկացվեցին 60 զուգահեռ սեսիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ: Հանդես եկավ ավելի քան 350 բանախոս: Համաժողովի աշխատանքն ընթանում էր երեք ուղղվածությամբ՝ «Աջակցություն միջազգային զարգացվածությանը», «Գիտություն և բժշկություն» և «Քաղաքացիական հասարակություն»: Քննարկվող թեմաներն էին՝ ՄԻԱՎ վարակի հետ կապված պրոֆիլակտիկան և բուժումը, միգրացիան և ՄԻԱՎ-ի տարածման խնդիրը, համընդհանուր բուժման ընդգրկում, խարան-խտրականություն ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ, կանայք և ՄԻԱՎ-ը, դեռահասները և ՄԻԱՎ-ը, թմրադեղեր և ՄԻԱՎ, ՄԻԱՎ վարակի, տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների հետ զուգահեռ բուժումը:
Տեր Գրիգորը մասնակցեց խնդրի շուրջ կրոնական տեսանկյունից քննարկվող սեմինարներին՝ ծանոթանալով աշխատանքային այն փորձին, որ կիրառում են եկեղեցիները, կրոնական կազմակերպությունները և այլ կրոնի ներկայացուցիչները ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ:
Եռօրյա սեմինարների ընթացքում կարևորվեց տարբեր եկեղեցական համայնքների միջև փոխհամաձայնության զարգացումը, տարբեր դավանանք ունեցող կրոնական համայնքների միջև լուսաբանող և կրթական աշխատանքը ՄԻԱՎ-ի կանխարգելման հետ կապված հարցում՝ իջեցնելով խարան-խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ:
«Թմրամոլների և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ ի հայտ եկող միայնության զգացումը, սեփական արժանապատվության կորստի և հասարակության կողմից մերժված լինելու հանգամանքը հանրության և եկեղեցու առջև ծառացած լուրջ խնդիրներն են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ խնդրի լուծման մեջ կարևոր է եկեղեցու գործունեությունը և հոգևոր աջակցությունը, քանի որ եկեղեցին բազմաթիվ անձանց է դուրս բերել հուսահատության և մահվան ճիրաններից»,- ասաց ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Համաժողովի գլոբալ նպատակներից մեկն էր «90-90-90»-ը խորագրի ձևակերպումը, այն է՝ ՄԻԱՎ վարակակիրների 90%-ը գիտի իր կարգավիճակի մասին, 90%-ը ստանում է համապատասխան բուժօգնություն, և բուժօգնություն ստացողներից 90%-ը կարողանում է հասնել վարակի բեռնավորվածության ճնշմանը:
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի ղեկավար Միշել Սիդիբեն համոզված է, որ ՄԻԱՎ-ը հնարավոր կլինի ամբողջովին հաղթահարել և լիկվիդացնել մինչև 2030 թ-ը:
Համաժողովի ավարտին ընդունվեց հանրագումարային հայտարարություն, որով մասնակիցները կոչով դիմեցին Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի ղեկավարներին, միջազգային և կրոնական կազմակերպություններին, հիմնադրամներին, քաղաքացիական-հասարակական և բիզնես-միությունների միավորումներին, որպեսզի հնարավորինս և մաքսիմալ կերպով գործադրվեն բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ մինչև 2030 թ-ը ՄԻԱՎ վարակի աճը կանգնեցնելու նպատակով:
Կարինե Սուգիկյան