Սիրելի´ հայորդիներ,
Մեր Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին բոլորս կոչված ենք համախմբվելու և գործնականում զորավիգ լինելու հայոց բանակին, զինվորագրվելու հայրենի սահմանների ու խաղաղության հաստատման մեր արդար պայքարին:
Արարատյան Հայարպետական թեմի բոլոր հոգևոր հայրերին, ծխականներին, հավատացյալներին հորդորում ենք հնարավոր բոլոր միջոցները ներդնել՝ սահմանում ծառայող զինվորներին ու կամավորներին զորակցելու և անհարաժեշտ օգնությունը ցուցաբերելու գործում:
Սիրելի հոգևոր այրեր,
Ձեր հոգեխնամ առաքելությամբ զորակցեք վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին՝ համայնքներում կազմակերպելով հոգևոր, բարոյական և նյութական աջակցություն:
Ձեր մխիթարությունը բերեք որդեկորույս մեր մայրերին, նրանց ընտանիքները պարուրեք հոգատարությամբ: Հոգևոր մխիթարության հետ զուգահեռ` ջանացեք օգտակար լինել նրանց ամեն հարցում:
Աղոթում ենք առ Աստված` վիրավոր զինվորների շուտափույթ ապաքինման և իրենց անգին արյունով մայր հողը սրբացնող մեր նահատակ զինվորների հոգիների հանգստության համար:
Թող Բարձրյալն Աստված` Իր փրկչական Խաչի զորությամբ մարտակից լինի հայ զինվորին: