«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»: Հայոց Սրբազան Պատարագի ողջ ընթացքում բազմիցս հնչում է խաղաղության աղերսանքը. «Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի, զՏէ՛ր աղաչեսցուք»…», - գրում է Հոլանդիայում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. ՍԵՐՈՎԲԵ վարդապետ ԻՍԱԽԱՆՅԱՆԸ եւ շեշտում. «Բայց եւ այնպես, երբ այլեւս հնար չկա, իմ Տիրոջ եւ իմ քարոզած խաղաղությունը պահպանելու եւ պաշտպանելու, երբ վտանգված է այդ խաղաղությունը, երբ ադրբեջանցի հրոսակը իրեն թույլ է տալիս ներխուժել հայկական գյուղ եւ գնդակահարել 92-ամյա անպաշտպան կնոջ եւ անզեն ու անպաշտպան ծերունիների, կտրել դաժանաբար սպանված մարդկանց ականջները, ապա խաղաղության աղոթքը կրկին ու կրկին շուրթերիս, դիմում եմ քե՛զ, իմ հայ զինվոր, մի՛ երկմտիր եւ արի քաջագործությամբ պաշտպանի՛ր հողդ հայրենի, զի սուրբ է այն ու նվիրական` քո եւ իմ պապերի արյունով ներկված եւ մեր Տեր ու Փրկչի էջքով սրբացած: Հայոց Սրբերը քեզ համար բարեխոս:
Մեր հայրերի Աստվածը քեզ պահապան», - եզրափակելով խոսքն` իր աղոթքն է հղել հոգեւորականը: