Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու և իր հայրապետական օրհնությունն ու զորակցությունը փոխանցելու վիրավորված զինծառայողներին: Տեսակցության ընթացքում Նորին Սրբությունն օրհնել է վիրավոր զինվորներին` մաղթելով, որպեսզի շուտափույթ ապաքինվեն և շարունակեն իրենց հայրենանվեր ծառայությունը:
Այս օրերին Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականներն ու համայքների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ու հանձնարարություներով իրենց զորակցությունն են բերում հոսպիտալում բուժվող զինվորներին ու նրանց ընտանիքներին: Այցելում ու փորձում են օգտակար լինել նաև որդեկորույս ընտանիքներին:
Երեկ ուղեձով հանդես եկավ նաև Նավասարդ Սրբազանը` Արարատյան Հայարպետական թեմի բոլոր հոգևոր հայրերին, ծխականներին, հավատացյալներին հորդորելով հնարավոր բոլոր միջոցները ներդնել՝ սահմանում ծառայող զինվորներին ու կամավորներին զորակցելու և անհարաժեշտ օգնությունը ցուցաբերելու գործում:
«Ձեր հոգեխնամ առաքելությամբ զորակցեք վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին՝ համայնքներում կազմակերպելով հոգևոր, բարոյական և նյութական աջակցություն:
Ձեր մխիթարությունը բերեք որդեկորույս մեր մայրերին, նրանց ընտանիքները պարուրեք հոգատարությամբ: Հոգևոր մխիթարության հետ զուգահեռ` ջանացեք օգտակար լինել նրանց ամեն հարցում»:
Այս օրերին բոլորս համախմբված ջանքում ենք մեր ուժերի ողջ չափով սատարել սահմանում խաղաղությունը վերահաստատելու հայոց բանակի ջանքերին:
Երեկ զինվորական հոսպիտալ էին այցելել նաև Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Տ. Դավիթ քահանա Սահակյանը` բժշկության ու պահպանության աղոթք կարդացել, օրհնած խաչեր են նվիրել, խոսել ու քաջալերել են ծնողներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին