Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք մեր երկրի համար

Աստվածամոր բարեխոսությունը խնդրենք մեր երկրի համար

Ապրիլի 10-ին Ս. Երրորդություն եկեղեցում բացվեց Կիրակնօրյա վարժարանի նկարչության խմբակի քառասունից ավելի սաների նկարների ցուցահանդես: Երեխաների աշխատանքներն աչքի էին ընկնում գունային և դետալային լուծումներով: Նկարչության ուսուցչուհի Արմիկ Բաղդասարյանը ոգևորությամբ նշեց, որ սաներից շատերի աշխատանքներով անհատական ցուցահանդեսներ կարելի է կազմակերպել:


Ցուցահանդեսին զուգահեռ` վարժարանի սաները ներկաների համար Տիրամոր Ավետման տոնի առթիվ պատրաստել էին «Աստվածամայր. մայր լուսո» խորագրով միջոցառում: Փոքրիկները ներկայացրին Աստվածաշնչյան բազմաթիվ դրվագներ` զարմացնելով իրենց բեմական կեցվածքով ու խաղով:


Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանն անդրադառնալով միջոցառմանն ու տոնի խորհդրին՝ մասնավորապես ասաց. «Ապրիլյան այս շրջանը շատ ծանր է մեր ժողովրդի համար: Արցախյան պատերազմ, զինվորների մահ… Չնայած այս ամենին` այսօր մեր զինվորները շատ քաջ են, շատ ամուր են` պահպանելու մեր Հայրենիքն ու Հայոց սահմանը: Այսօր մենք զորավոր ենք նաև մեր փոքրիկների ներկայությամբ, որևէ մեկ բան, պատերազմ և աղետ չի կարող հայ ժողովրդին ընկճել, որովհետև մենք Քրիստոսով պայքարող ժողովուրդ ենք: Խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը մեր երկրի խաղաղության համար»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-04-10
×