Արարատյան Հայրապետական թեմի «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնը ապրիլի 28-ին սկսեց մանկական դասընթաց 4-7 տարեկան երեխաների համար: Հանդիպման բանախոսն էր Տեր Շմավոն Ղևոնդյանը:
Առաջին դասին տեր հայրը փոքրիկներին սովորեցրեց Տերունական աղոթքը և խոսեց այն մասին, թե երբ և ինչու պետք է շնորհակալ լինել. «Շատ կարևոր է, որ մարդիկ կարողանան դժվար պահին միմյանց օգնել, որպեսզի ոչ միայն լավ մարդ լինեն, այլև՝ քրիստոնյա: Պետք է հետևել Աստծո օրենքներին, լինել բարի, հոգատար, օգնել միմյանց»:
Փոքրիկ Անիի մայրը կարևորում է երեխայի քրիստոնեական դաստիարակությունը. «Շատ ժամանակ երեխան հարցեր է տալիս կրոնի վերաբերյալ, բայց անկեղծ ասած՝ չեմ կարողանում մատչելի ներկայացնել: Վստահ եմ, որ դասընթացին երեխաները կստանան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»:
Հանդիպման վերջում երեխաների համար կազմակերպվեցին խաղեր, որոնց մասնակցեցին նաև ծնողները:
Մանկական քրիստոնեական, կրթական դաստիարակության դասընթացները կանցկացվեն յուրաքանչյուր ուրբաթ, ԱՀԹ առաջնորդարանում՝ ժ. 17.00-ին։ Հավելյալ տեղեկությունների համար գրել «Կանա» քրիստոնեական, կրթական կենտրոնի ֆեյսբուքյան էջին:
Հանդիպումներին պարբերաբար կհյուրընկալեն հոգեբաններ՝ ծնողներին զավակների դաստիարակությանն առնչվող օգտակար խորհուրդներ տալու նպատակով:
Նազելի Մարտիրոսյան