Լինել առաջնագծում կանգնած զինվորի պես

Լինել առաջնագծում կանգնած զինվորի պես

Քառօրյա պատերազմից ընթացքում ու դրանից հետո` հարաբերական զինադադարի պայմաններում, շարունակվում են ակտիվ քննարկումներ ընթանալ պատերազմի ու խաղաղության, հայկական ոգու,ազգային նկարագրի ու մեր հետագա անելիքների մասին:


Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանն ու «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը քննարկում էին պատերազմական իրավիճակում ազգային նկարագրի պահպանման թեման:


-Եկեղեցին արել և անում է այն, ինչ յուրաքանչյուր հայ մարդ կաներ,-ասում է Տեր Եսային,-ոչ միայն աղոթքով ու ամենօրյա հոգևոր գործունեությամբ ենք օժանդակում, այլ նաև, հարկ եղած դեպքում, զենքը ձեռքին, զինվորի կողքին կանգնելով:


Նրա խոսքով` կարևոր է այն հանգամանքը, որ այս օրերին համախմբվածություն իսկապես կար, բայց մի մտահոգություն ունի` ի ՞նչ անել, որ հետո համախմբվածությունն ու ոգրորությունը չմարի ու վերածվի ազգային գիտակցության:


-Մենք պիտի լինենք առաջնագծում կանգնած զինվորի պես` թիկունք թիկունքի, պատրաստ մեկս մյուսի համար կյանք զոհելու,-ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Համախմբվածության թեման շարունակելով` Գագիկ Գինոսյանը նշեց` այս օրերին «Կարին» պարախումբը վերածվել էր «Կարին» ջոկատի:


Գինոսյանի խոսքով` ազգային նկարագրի մասին պետք էր մտածել ու պատմությունից դասեր քաղել դեռ այս պատերազմից առաջ: Իսկ այսօր իր համար վիրավորական է, որ առաջ է քաշվում տարածքներ հանձնելու գաղափարը:


-Պետք է օր առաջ սթափվել և մտածել ոչ միայն ազգային նկարագրի, այլ նաև ռազմարդյունաբերության լրջագույն հիմքեր դնելու մասին: Ամեն ինչ անել հանուն նրա, որ վաղվա Հայաստանը լինի անվտանգ:


Տեր Եսայու խոսքով`տարածքներ զիջելու և հարցը այդպես լուծելու տարբերակը ժողովուրդը չի քննարկում, հետևապես պետք է ամուր և հաստատ կանգնել այս հողի վրա, ճիշտ այնպես, ինչպես արեցին մեր զինվորները` ամուր ու մինչև վերջ.


-Շատ կարևոր է, որ նույն կերպ չշարունակվի ու մենք կարողանանք այս իրավիճակից դասեր քաղել, ժողովուրդը ցույց տվեց ինքնակազմակերպման լավ օրինակ, բայց դա միայն սեփական անվտանգության ապահովման համար չէր. դրա հետ մեկտեղ կան հայի գիտակցության, հայրենիքին ու սեփական տանը կապվածության գործոնները:


Բանախոսները համակարծիք են` նախկինը շարունակել չի կարելի, ազգային համախմբվածությունը պիտի դառնա մշտական:

 


Անահիտ Հակոբյան

  • 2016-04-21
×