Ապրիլի 25-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանն իր և Արարատի Ս. Հակոբ եկեղեցու համայնքների հավաքած առաջին անհրաժեշտության իրերն ու սնունդը հասցրեց Արցախի պաշտպանական դիրքեր:
Մարտակերտի հոգևոր հովիվ Տ. Բարսեղ քահանա Անդրյանի և Մարտակերտի զորամասի գնդերեց Հովհաննես սարկավագ Անդրյանի ուղեկցությամբ նրանք բարձրացան Մարտակերտի առաջնագիծ:
Այսօր թեմի տեղեկատվական բաժնի աշխատակիցների հետ զրույցում Տ. Ղազարը, պատմելով սահմանապահ զինվորների մասին, ասաց. «Մեր տղաները քրիստոնյային վայել համարձակությամբ խրոխտ կանգնած են առաջնագծում»:
Աստված պահապան ձեզ, քա´ջ տղերք:
Հայ Եկեղեցու միլիոնավոր զավակների նման Արարատյան Հայրապետական թեմի համայնքների անդամներն էլ այս օրերին ամեն ջանք գործադրում են` սահմանապահներին աջակցելու և զորակցելու համար: Սա արդեն վեցերորդ խումբն էր, որ այս ապրիլին մեկնեց Արցախ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին