Համբարձման մեծ տոնախմբություն

Համբարձման մեծ տոնախմբություն

Մայիսի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Համբարձման տոնը: Այդ առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպել էին նաև մեծ տոնախմբություն` համեմված ժողովրդական սովորույթներով:

 

Թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ Երևանի Թումանյանի այգում համախմբվել էին երիտասարդաց միությունների անդամներն, ազգագրական խմբեր, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, քաղաքի բնակիչները: Միջոցառմանը մասնակցում էին նաև Արարատյան Հայրապետական թեմի «Վարք հայոց», «Վան» և «Տավրոս» ազգագրական երգի-պարի խմբերը:

 

Ողջունելով հավաքվածներին` Տ. Պետրոսը մասնակիցներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի հայրական օրհնությունը և ուրախությամբ նշեց, որ թեմի երիտասարդները Սրբազան հոր աջակցությամբ արդեն մի քանի տարի է, որ ստանձնել են հայկական ազգային տոները վերականգնելու առաքելությունը: Եվ ամեն տարի նոր խմբեր ու կազմակերպություններ են միանում տոնախմբությանը:

 

Ազգագրական երգ-պարից բացի երեխաների մի խումբ ներկայացրեց Ջանգյուլումի ազգային ավանդությունը: Ապա կազմակերպվեց վիճակահանություն, որին մասնակցելու հնարավորություն ունեցավ նաև հանդիսատեսը:

 

Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաև «Վիճակ» և «Ջանգյուլում» անուններով: Ժողովրդական ավանդությամբ` տոնի ժամանակ կատարվում է վիճակահանություն՝ «պարզելու», թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Այս սովորությունը նորկտակարանյան այն դրվագի հիշատակումն է, որտեղ առաքյալները վիճակ են գցում դավաճան Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալ ընտրելու համար. վիճակն ընկնում է Մատաթիային: 
Երիտասարդները պատրաստել էին կաթնապուրի հյուրասիրություն: Այս ճաշատեսակը վերագրվում է տոնին, և ժողովրդական մի սովորությամբ մինչև Համբարձում շատ բնակավայրերում կաթնապուրի «պաս» էին պահում: 


Համբարձման տոնը մեծ ժողովրդականություն է վայելել հնում: Այսօր էլ այն սիրով է ընդունվում: Մարդիկ սիրով են միանում տոնին ու մասնակից դառնում:


 
Հասմիկ Թամամյան

  • 2016-05-05
×