Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Մայր Տաճարի Լուսարարապետ Գերաշնորհ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեցին Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքում կառուցվող եկեղեցու զանգերը։
Օծված հինգ զանգերից յուրաքանչյուրն ունի իր անունն ու խորհուրդը։
Առաջին զանգն (780 կգ) իր մեջ ամփոփում է հավատքի խորհուրդը։ Այն իր ղողանջով մարդկանց հոգիներում հավատ ու սեր է տարածելու։ Զանգը կրում է 3 տաղավար տոների նկարագրությամբ զարդաքանդակներ՝ Ս․ Հարություն, Ս․ Ծնունդ և Ս․ Խաչ։
Երկրորդ զանգի (400 կգ) խորհուրդը հայրենասիրությունն է։ Իր ղողանջով այն համայն հայությանը լցնելու է հայրենիքի հանդեպ սիրով։ Այն կրում է Ս. Գրիգոր Նարեկացու սրբապատկերը։
Ծնողասիրության խորհուրդն իր մեջ ամփոփում է երրորդ զանգը (230 կգ)։ Այս զանգի ղողանջները ծնողի հանդեպ սեր են քարոզելու։ Զանգի վրա պատկերված է Ս․ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։
Չորրորդ զանգը (150 կգ) վերաբերում է զավակասիրությանը։ Իր ղողանջով այն ավետելու է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու հայտնությունը։ Կրում է հայտնության նկարագրությամբ զարդաքանդակ։
Եվ վերջապես, հինգերորդ զանգն (100 կգ) իր մեջ կրում է մկրտության խորհուրդը և իր ղողանջներով մարդկանց հորդորելու է մկրտվել և հնարավորություն ունենալ արժանանալ Աստծո արքայությանը։