Ցավակցական գիր

Ցավակցական գիր

Խոր ցավով հայտնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո 2014թ. հունվարի 1-ին ի Տեր հանգավ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հանգստի կոչված հոգևորականներից արժ. Տ. Հովհաննես ավագ քահանա Մարուքյանը:

Հունվարի 9-ին առավոտյան ժամը 10:00-ին թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց մայր տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում պիտի կատարվի հոգելույս Տեր Հոր «Տան Կարգ»-ը և ապա «Վերջին Օծում»-ը, որին պիտի հաջորդի «Գերեզմանի Կարգ»-ը: 

Մեր ցավակցությունն ենք հայտնում Տ. Հովհաննես ավագ քահանա Մարուքյանի որդուն Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանին ՝ սիրելի հոր մահվան կապակցությամբ և աղոթում առ Աստված, որ Իր երկնային լույսին արժանացնի հանգուցյալ Տեր Հոր հոգին, և Սուրբ Հոգին մխիթարի նրա հարազատներին ու մերձավորներին և մեզ բոլորիս:

Տ. Հովհաննես ավագ քահանա Մարուքյանի կենսագրությունը. Արժ. Տ. Հովհաննես ավագ քհն. Մարուքյանը ծնվել է 1926թ. մարտի 7-ին, Գըրըքխան գյուղաքաղաքում (այժմ Թուրքիա):Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում: 1939թ. ընտանիքն արտագաղթել է Սիրիայի Հալեպ քաղաքը, ուր նա ուսումը շարունակել է Ուսումնասիրաց դպրոցում: 1940-ին ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Ժառանգավորաց վարժարան, որն ավարտելուց հետո, 1945-1946 ուսումնական տարվա ընթացքում որպես ուսուցիչ ծառայել է Ամմանի Ռըսեյֆա գյուղի հայկական դպրոցում: Իսկ 1946-1947 ուսումնական տարում ծառայել է որպես ուսուցիչ Սիրիայի Ռաքքա քաղաքի հայկական դպրոցում:1947թ. նոյեմբերին ներգաղթել է հայրենիք և հաստատվել Լենինական քաղաքում: Նույն տարում ընդունվել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան Մանկավարժական հաստատության նախապատրաստական դասարանը և ապա ուսումը շարունակել Լեզվագիտական բաժանմունքում՝ ավարտելով ուսումը 1952թ.:

Ուսումնառության հետ միասին աշխատել է Լենինականի Ձորի Թաղի գրադարանում որպես գրադարանավար:1952-1954 ուսումնական տարիներին որպես ուսուցիչ պաշտոնավարել է Սպիտակի շրջանի Սպիտակավան քաղաքի թիվ 1 դպրոցում: 1954-1956 ուսումնական տարիներին աշխատել է Լենինականի երկաթագծի գիշերային և ցերեկային թիվ 39 դպրոցներում:1956թ. օգոստոսի 5-ին Գերշ. Տ. Սահակ Արքեպիսկոպոս Տեր Հովհաննիսյանի ձեռամբ ձեռնադրվել է քահանա Երևանի Ս. Սարգիս Եկեղեցում և Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ պաշտոնի կոչվել Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում որպես հայոց լեզվի, գրականության և կրոնի դասախոս: Միաժամանակ 1961թ. որպես ծիսակատար քահանա ծառայել է Սուրբ Էջմիածնի մայր տաճարում:Դասախոսական աշխատանքներին զուգընթաց 1956-1966 ուսումնական տարիներին եղել է ավագ վերակացու: Տարբեր տարիներին կատարել է տեսչի պաշտոնակատարի, ինչպես նաև օգնականի պարտականությունները: Իսկ 1971թ. մինչև 1979թ. եղել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանի տեսուչ:Երկար տարիներ (1970-1980) եղել է Ամենայն Հայոց Հայրապետության «Էջմիածին» ամսագրի խմբագրական մարմնի անդամ: Տարիներ շարունակ վարել է Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ վանքերի վանահայրության պաշտոնը (1961-1979):Ծառայության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի կողմից պարգևատրվել է. 1966թ. մայիսի 4-ին՝ Հայրապետական Կոնդակով քահանայական լանջախաչ, 1970թ. սեպտեմբերի 4-ին՝ Հայրապետական Կոնդակով ծաղկյա փիլոն կրելու իրավունքով, 1973թ. դեկտեմբերի 3-ին՝ Հայրապետական Կոնդակով «Վաստակավոր Դաստիարակ» կոչումով և վարդապետական լանջախաչ կրելու իրավունքով: 1953թ. ամուսնացել է օրիորդ Սիրունի հետ և ունեցել չորս զավակ:1980թ. սեպտեմբերի 1-ից ծառայել է Երևանի Սուրբ Սարգիս Եկեղեցում որպես ծիսակատար քահանա: 1994թ. հունվարի մեկից մինչև հունիսի 30-ը հատուկ առաքելությամբ մեկնել է ծառայելու Հունաստանի Կրետե կղզու Իրաքլիոն քաղաքի Ս. Հովհաննես Եկեղեցում, ապա վերադարձել է Երևանի իր պաշտոնատեղի՝ Ս. Սարգիս Եկեղեցի:

1983թ. ի վեր եղել է Արարատյան Հայրապետական Թեմի թեմական խորհրդի անդամ:1997թ. հունիսի 24-ին ընտանյոք մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և մշտական բնակություն հաստատել Լոս Անջելեսի շրջանում:  

  • 2014-01-09
×