Մայիսի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Ս. Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ Խարբերդի մանկատան 17 սաների մկրտությունը: Մկրտությունը կատարեց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը: Երեխաների կնքահայրերը եկեղեցու երիտասարդաց միության անդամներն էին: Արարողությանը ներկա էին մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, մանկավարժները, երեխաների հարազատներ ու եկեղեցու համայնքի անդամները:
Դիմելով ներկաներին` Տ. Զենոնն ասաց, որ շուրջ ինն ամիս համագործակցելուց հետո եկեղեցու ավազանում նոր ծնունդ են ստանում յուրաքանչյուրիս օգնության կարիքն ունեցող այս փոքրիկները:
Համայնքի անդամները երեխաների համար խաչերից բացի պատրաստել էին նաև նվերների փաթեթներ` աղոթագրքեր, խաչով թևնոցներ:
Մանկատան սաների հետ համայնքի անդամները բավական սերտ կապի մեջ են: Հաճախակի այցելություններից զատ համայնքի անդամները երեխաներին ամեն ամիս կինոթատրոն կամ թատրոն են տանում` փորձելով փոխել երեխաների առօրյան:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին