Երիտասարդների օրհնության գիր

Երիտասարդների օրհնության գիր

«Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը եւ մի՛ մերժի՛ր մօրդ պատուիրանը, որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին»: Առակաց Ա 8-9

Սիրասո՛ւն զավակունք մեր Առաքելական Մայր Եկեղեցու, Այս կյանքի թարմությունն ու առաջմղիչ ուժը դուք եք: Դուք եք կենսատու էներգիայի աղբյուրը, ավանդությունների նորակերտ կրողը, նորի տեսլականը: Բայց նաև ներկա եք, կաք՝ զարդարուն խոհեմությամբ, պատվիրանասիրությամբ և գործելու վճռականությամբ՝ ընդելուզված ժառանգականության վրա և միտված ապագային: Ձեր երիտասարդական ավյունն ու սերը փոխադարձե՛ք միմյանց, այն աստվածային է: Այդ սիրո շաղախով ամրացրե՛ք կյանքը, և շնորհների պսակն ու ոսկյա մանյակը, որ երջանկության խորհուրդն ունեն, կզարդարեն ձեր գլուխն ու պարանոցը:Երիտասարդությունը հանձնառություն է, ընծայաբերման պարտք՝ Հայրենիի և ազգի առջև: Ձեր ուժը, ձեր անսպառ եռանդն առաքելաջանք նվիրումով ծառայեցրե՛ք մեկմեկու, հարստացրե՛ք Աստծո կենաց խոսքով: Հիշե՛ք, որ առաքյալները ևս ձեզ պես երիտասարդ էին, և քրիստոնեության քարոզչության դժվարագույն ճանապարհին անձնվիրաբար տարածեցին Աստծո Խոսքը:Այսօր արագահաս սուրբ Սարգսի տոնն է, սուրբ, ում վարքն ու նահատակությունը դարձան մաքուր հոգիների ներշնչման աղբյուր, դեպի Երկնային Տերն առաջնորդող ամուր մի կամուրջ:

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ավանդույթ է դարձել այս օրը տոնախմբել որպես երիտասարդության օրհնության օր: Սուրբ Սարգիսն այսօր իր վկայությամբ բոլորիս պատգամում է անսասան, անկոտրում սիրո հավատք, քանզի այս է ակունքն աստվածային գերագույն պարգևի, որ կոչվում է կյանք: Զորավարի կյանքը նվիրագործման և սրբագործության օրինակ է, հավատքը՝ հեղափոխիչ ու կենսագործող, իսկ արիաշունչ ոգին և քրիստոսասիրությունը՝ ներշնչող ու ներգործուն: «Մի՛ երկնչեք յայնցմանէ, որ սպանանեն զմարմին եւ զհոգի ոչ կարեն սպանանել…» (Մատթ. Ժ 28): Ավետարանական այս պատգամն իր կյանքում աներկբայորեն ընդունած Քրիստոսի անկոտրում վկան՝ իր Մարտիրոս որդու և տասնչորս նվիրյալ զինակիցների հետ մղեց հավատքի սուրբ պատերազմը՝ հավաստելով հոգու անմահությունը: Դարերը պատմում են, թե արագահաս սուրբը հայցել է Տիրոջը՝ իրականացնել նրանց իղձերը, ովքեր իր անունով կդիմեն Աստծուն: Սուրբ Սարգսի շիրիմը նվիրական աղոթատեղի է, մշտարթուն մի աղոթարան: Բազմաթիվ ուխտավորներ իրենց իղձերի իրականացումը կապում են արագահաս սրբի զորության հետ: Հայոց աշխարհում նահատակների թափած արյամբ վեր խոյացան քրիստոնեական հավատքի ընձյուղները, դարձան ծաղկած խաչքարեր, աղոթաբույր վանքեր ու սիրո հավատքի տաճարներ: Թող Աստված սուրբ Սարգսի բարեխոսությամբ օրհնի ձեզ, սիրելինե՛ր, որ օրեցօր բազմապատկվեն ձեր երիտասարդական շնորհները, որպեսզի սիրո կենսատու ուժերով վերակերտեք ինքներդ ձեզ՝ ավյուն հաղորդելով գեղեցիկ ավանդություններին՝ դարձնելով այն մշտանորոգ ազդակ հոգեկերտումի: Այսօր թող յուրաքանչյուրիդ մեջ հորդա աստվածային սերը, Տիրոջ մարտիրոս սուրբ Սարգիսն ապրի ձեր մեջ և առաջնորդ ու մարտակից լինի ձեզ: Սիրե՛ք մեր Տեր Աստծուն, սիրե՛ք միմյանց, սիրե՛ք Հայրենիքը, սիրե՛ք Եկեղեցին Հայաստանյայց, քանզի սիրո՛ ուժն է անհաղթ:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2014-02-13
×