Ուսանողներն արժանացան դրամական մրցանակների

Ուսանողներն արժանացան դրամական մրցանակների

Մայիսի 26-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ շնորհաբաշխում: Դրամական մրցանակներ ստացան Երևանի չորս բուհերի այն սաներն, ովքեր հաղթող են ճանաչվել Ս. Սարգսի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդես- մրցույթներում: Գեղանկարչություն, կերպարվեստ, գրաֆիկա, կիրառական արվեստ, քանդակ անվանակարգերում լավագույնը ճանաչված 18 աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանացան մրցանակների: 
 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունից հաղթող ուսանողներին մրցանակներ հանձնեց առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանը:


Շնորհավորելով մրցանակակիրներին` Տեր հայրը հույս հայտնեց, որ երիտասարդների կապը եկեղեցու հետ չի սահմանափակվի միայն այս մրցույթով, և նրանք կսկսեն եկեղեցում առավել ակտիվ գործունեություն ծավալել՝ միանալով թեմի երիտասարդական կառույցներին:


Ս. Սարգսի տոնակատարությունները կազմակերպվում են 11 տարի շարունակ: Թեև տոնը նշվում է ձմռանը, սակայն տոնի առթիվ զանազան միջոցառումներ կազմակերպվում են ողջ տարվա ընթացքում:


Ստեղծագործական բուհերում տոնական թեմատիկ ցուցահանդես-մրցույթ Նավասարդ Սրբազանի օրհնությամբ կազմակերպվում է արդեն 2 տարի: Այս տարի մրցույթին մասնակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի ճարտարապետությսն և շինարարության ազգային համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան ու Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:

 


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-05-26
×