Ապրիլի 25-ին Արևշատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ 1915թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառումը սկսվեց միասնական Տերունական աղոթքով և դպրոցի աշակերտների կողմից «Տեր ողորմեայ» շարականի կատարմամբ:
Միջոցառման ընթացքում աշակերտները եղեռնագործությանը ձոնված երգերի և բանաստեղծությունների միջոցով ներկայացրեցին հայ ժողովրդի կրած տառապանքները և արդար պահանջատիրության ձգտումներն ու պատմական արդարությունը վերահաստատելու ներկա սերնդի վճռականությունը:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց դպրոցի տնօրեն տիկին Ս. Դավթյանը՝ հորդորելով աշակերտներին և ուսուցչական կազմին չմոռանալ հայ ժողովրդի դեմ գործված ոճրագործությունը՝ հանուն արդարության վերականգնման ու հաստատման:
Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Արևշատի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը: Տեր Հովսեփն իր խոսքում մասնավորապես նշեց, որ միջոցառումն իր բովանդակությամբ և աշակերտների հոգեկան զգացումներով հագեցած հուզիչ ելույթներով ներկաներին ոչ միայն մտովի տեղափոխեց արյունոտ այդ դարաշրջանը, այլև հատկապես ընդգծեց հայի գիտակցության մեջ ամրացած հույսն ու հաստատուն հավատքը հանդեպ ապագան: