Նավասարդ Սրբազանը մասնակցեց Նժդեհի արձանի բացմանը

Նավասարդ Սրբազանը մասնակցեց Նժդեհի արձանի բացմանը

Մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց Գարեգին Նժդեհի արձանի բացմանը: Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի, գիտության ու հասարակական գործիչներ: 
 

Տոնի առթիվ շնորհավորելով ներկաներին` Նավասարդ Սրբազանն ի մասնավորի ասաց.


«ԻՄ ՀՈԳԻՆ ԵՐԿՈՒ ՀԵՆԱՐԱՆՆԵՐ ՈՒՆԻ՝ ԱՍՏՎԱԾ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ».Գարեգին Նժդեհ:



Նժդեհյան այս կարգախոսն Ավարայրի ոգու արտացոլումն է և շարունակականությունը, «Մահ իմացեալ անմահություն է» պատգամի լրումն է և ոգեկոչումը: Զարմանալիորեն ճիշտ և ճշմարիտ քրիստոնեական պատգամախոսությամբ հայոց «Երկրորդ Դավիթ Բեկ»-ն ու թշնամու բնորոշմամբ՝ «Աժդահա փաշա»-ն իր «Ինքնակենսագրական»-ում գրել է. «Եղել եմ խորը հաւատքի եւ էտիկայի մարդ…: Հավատքի և պաշտամունքի տաճարում միշտ էլ առաջին տեղերը յատկացուցած են եղել Աստծոյ եւ Հայրենիքին: Հայաստանն է եղել երկրաւոր սրբազնագոյնն ինձ համար»: Եվ այս ամենին հավուր պատշաճի կարելի է հավելել այն իրողությունը, որ նա բոլոր ճակատամարտերը սկսել է եկեղեցուց՝ աղոթքով: Նրա զենքերն ու սպարապետական գոտին օծվել են եկեղեցում: Զինվորներին հղած հրամաններն ավարտվել են այս կերպ. «Մեզ հետ Աստված և Դավիթ Բեկի վրիժակ հոգին», «Մեզ հետ Աստված և մեր մեծ հայորդիների անհանգիստ հոգիները», «Աստված և իմ սերը ձեզ հետ»… Մեծ զորահրամանատարն անսահման սիրով էր կապված իր քաջ մարտիկների հետ: «Զորեղ տպավորություն կձգե զինվորներու վերաբերումը դեպի իրենց հրամանատար Նժդեհը: Այդ հարաբերություն չէ դեպի իրենց պետը, այլ մասնավոր երկրպագություն գերագույն էակի մը հանդեպ: Զինվորը հանձին անոր կտեսնե մարմնացումը թագավորի մը, որը իմաստությամբ կկառավարե հայ ժողովուրդը» (գնդապետ Ֆիլիպով, բուլղարական բանակի սպա):


Նժդեհյան հայրենասիրությունն անգերազանցելի է: Առավելապես այս օրերի մեջ վերարժևորվում են նրա ինքնայրման հասնող նվիրումն ու սերը հայրենիքի և սեփական ժողովրդի հանդեպ: «Ցեղամարդ»-ը պաշտպանն էր ցեղի ամեն մի մասնիկի, պաշտպանը «Հայրենիք» կոչվող բնօրրանի:
«Ահա եւ իմ վերջին խոսքը. Կուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպես էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը: … Ուր էլ եւ երբ էլ մեռնեմ, հավատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին և աներեւութաբար քո բանակները առաջնորդէ: Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա»:


Արդ, «Նժդեհ» եզրը նախասահմանեց ազնվագույն հայորդու նվիրական ընթացքը, որը հանուն հայի և հայրենիքի նժդեհացավ և անմահացավ հավերժության մեջ: Նա այսօր հոգի է և երկնայիններում բարեխոս մեզ համար: Նաև պատգամախոս. «Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց՝ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ»: Ամեն»:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 

  • 2016-05-28
×