Մայիսի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդունեց թեմի «Արարատ» երգչախմբի և «Նշխարք» վոկալ անսամբլի անդամներին և շնորհավորեց միջազգային փառատոնում լավագույնս ներկայանալու և բարձր պարգևների արժանանալու համար:
Արարատյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության «Արարատ» երգչախումբը և «Նշխարք» վոկալ անսամբլն ապրիլին Գյումրիում մասնակցել են Երիտասարդ կատարողների «Վերածնունդ» միջազգային 8-րդ փառատոնին, որը նվիրված էր Հայաստանի Անկախության 25-ամյակին:
Փառատոնում թեմի երգչախմբերն աչքի են ընկել կատարողական բարձր որակներով` արժանանալով բարձր պարգևների:
«Նշխարք» անսամբլը «Վոկալ անսամբլ» անվանակարգում արժանացել է Գրան պրի մրցանակի: «Արարատ» երգչախմբի խմբավար Գրիգոր Հարությունյանը`ճանաչվել է փառատոնի լավագույն խմբավար, իսկ «Արարատը» «Երգչախումբ» անվանակարգում արժանացել է երկրորդ կարգի դափնեկրի կոչմանը:
Փառատոնի շնորհակալագրերն ու պատվոգրերը նրանց հանձնեց Նավասարդ Սրբազանը` մաղթելով հաղթահարված նորանոր բարձունքներ ու մեծ բեմեր:
Նավասարդ Սրբազանի օրհնությամբ «Արարատ» երգչախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր Գրիգոր Հարությունյան) ձևավորվել է 2013թ. նոյեմբերին: Համատեղ հանդես է եկել մենահամերգով, մասնակցել է բազմաթիվ համերգների և թեմական միջոցառումների` այդ թվում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, բարեգործական ծրագրերին:
«Նշխարք» վոկալ անսամբլը (գեղ. ղեկավար Հեղինե Օհանյան) ձևավորվել է 2015թ. սեպտեմբերին: Արդեն հասցրել են մասնակցել մի քանի համերգների: Առաջիկայում նախատեսվում է նրանց առաջին մենահամերգը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին