Երրորդ անգամ մեկնարկում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Երրորդ անգամ մեկնարկում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը

Երրորդ անգամ մեկնարկում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը

Հունիսի 11-ին «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված Արարատյան Հայրապետական թեմի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրին, որն իրականացվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ: Ծրագիրն իրականացվում է արդեն 3-րդ անգամ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու Տ. Եսայի քահանա Արթենյանը ոգևորությամբ նշում է, որ վերջին ամիսներին յուրաքանչյուր մարդ փորձում է իր մասնակցությունը բերել հայրենիքի պաշպանության սրբազան գործին, որից անմասն չի մնում նաև եկեղեցին:

 

- «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը ծնվեց Ս. Սարգսի տոնին, երբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանը մտածեց, որ բացի տարբեր միջոցառումներին զինվորների մասնակցությունից, փորձ արվի ավելի շոշափելի օգնություն տրամադել զինվորներին: Ծրագրի 50 մլն դրամ գումարը հավաքվում է անհատների և բարեգործների կողմից, ովքեր չեն ցանկանում հրապարակել իրենց անունները: Ամբողջ գումարն ուղղվում է հայոց բանակի զինվորներին, - ասաց Տ. Եսայի քահանա Արթենյանը:

 

Այս տարի նախագծից անմասն չեն մնա նաև ապրիլյան պատերազմին մասնակցած, զոհված և վիրավոր զինվորների ընտանիքները: Արարատյան Հայրապետական թեմի բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը նշեց, որ զինվորները մշտապես եղել են թեմի ուշադրության կենտրոնում, և դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները:

 

- Նախորդ երկու տարիների ծրագրերում ընդգրկվել են 662 ընտանիքներ, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է 100 մլն դրամ: Նախագծում ընդգրկվել են այն ընտանիքները, որոնք ունեն միաժամանակ 2 և ավելի զինծառայողներ, զոհված կամ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինվորներ, - նշեց Շուշան Պետրոսյանը:

 

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ծրագրում ընդգրկվում էին միայն Արարատյան Հայրապետական թեմի տարածքում ապրող ընտանիքներն, այս անգամ ծրագիրն իրականացվում է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև` Արցախում:

 

Այս տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» նախագծում ընդգրկված են 2015թ. հունիսի 1-ից 2016թ ապրիլի 1-ը մարտական գործողությունների ընթացքում զոհված և վիրավոր զինծառայողները, ինչպես նաև 2016թ. ապրիլի 2-19-ը ԼՂՀ պաշտպանության գոտու մարտական գործողությունների ընթացքում և հրադադարի խախտման ժամանակ վիրավորված և զոհված զինծառայողները:

 

- Բոլոր 3 նախագծերի շահառուների ցանկը կազմվում է Պաշտպանության նախարարության տրամադրած հատուկ ցուցակների հիման վրա: Այս տարվա դրամաբաշխությունը նախատեսում ենք սկսել հունիսի 17-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում իրականացվող հոգեհանգստի կարգով, որին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված 78 զինծառայողների ընտանիքներ: Երկրորդ միջոցառումը տեղի կունենա Արցախում, որին էլ կմասնակցեն այնտեղ հաշվառված 22 զոհված զինծառայողների ընտանիքներ: Արդյունքում 100 ընտանիքների կտրամադրվի 500.000դր, - նշեց Շուշան Պետրոսյանը:

 

Բանախոսները ներկայացրեցին նաև թեմում զինվորներին նվիրված մի շարք ծրագրեր, որոնցից է «Աջակցություն Արցախի սահմանապահներին» խորագիրը կրող նախագիծը: Վերջինս ձևավորվեց հենց ապրիլյան պատերազմի լարված օրերին:

 

- Ծրագիրն ինքնաբուխ էր, բայց համակարգված: Եկեղեցիների շուրջ շատ արագ հավաքվեցին հավատացյալներն ու բարերարները: Մոտ 30 տոննա օգնություն` տարբեր տեսակի անհրաժեշտ պարագաներ, հավաքվեց և մեր թեմի հոգևորականների 10 այցելությունների ժամանակ այդ օգնությունը փոխանցվեց անձամբ զինվորներին, - եզրափակեց Շուշան Պետրոսյանը:

 

 

Աննա Հարությունյան

  • 2016-06-13
×