Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության 19-րդ տարեդարձը:
Եպիսկոպոսական Ձեր քաջեռանդ ու կորովի վերատեսչությամբ թեմական կառույցները և ժողովուրդը` իբրև Քրիստոսի Սուրբ Եկեղեցի, առաջնորդվում են կրթության ու դպրության, եկեղեցաշինության ու ազգասիրության վերարժևորման առաքելահաստատ տեսլականով և պահպանելով մշտանորոգ հույսն ու հավատքը:
Գիտակցելով, որ հավատացյալներիս աստվածտեսության ուղին անցնում է եպիսկոպոսի վաստակի, առաքելական դավանության, Եկեղեցու կարգավորության, հոգևոր ծառայության կանոնակարգման համար ներդրվող աստվածահաճո Ձեր ջանքերի շնորհիվ, աղոթում ենք, որ Աստված պարգևի քաջ առողջություն և անսպառ եռանդ՝ եպիսկոպոսական բարձունքից հովվելու Ձեզ վստահված Քրիստոսի հոտը Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ ի շինություն Արարատյան Հայարապետական թեմի հոգևոր կյանքի, ի զորացումն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո: