Նավասարդ Սրբազան. «Թող Աստված լինի մեզ զորակից՝ հայի արդարության պատերազմը մինչև վերջ հասցնելու գործում…»
Նավասարդ Սրբազան. «Թող Աստված լինի մեզ զորակից՝ հայի արդարության պատերազմը մինչև վերջ հասցնելու գործում…»
Հունիսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշներհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց 1915 թ-ի հունիսի 15-ին Կ.Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված 20 հնչակյաններին նվիրված հանդիսությանը: Տերունական աղոթքից հետո Սրբազան հայրը ողջունելով ներկաներին՝ ի մասնավորի ասաց. «ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱԽԵԼ ՄԵՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԻՍԿ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐԸ` ՈՉ» «…Բայց և ինչպես, ամենքդ ալ վերջին պահուն ձեր դիմաց երազային, շատ պայծառ, ուրիշ արև մը տեսաք, ու ճոճեցաք օդին մեջ՝ զայն խմելե վերջ ցըհազ…»: Վահան Թեքեյան
Նվիրական զգացումներով և միաբանության ոգով տոգորված՝ հավաքվել ենք ոգեկոչելու Հնչակյան կուսակցության 20 առաջնորդ-նահատակների հիշատակը: Հավաքվել ենք՝ որպես խոնարհումի արտահայտություն այն նվիրական գործին, որի համար զոհ գնացին մեր անվեհեր և աննկուն հայորդիները: 19-րդ դարի վերջերն ու 20-րդ դարի սկիզբը հայի պատմության արյունոտ էջերից են: Բարբարոս թուրքն իր հրեշավոր ծրագիրն էր իրականացնում՝ նպատակ ունենալով աշխարհի վրա թողնել «մեկ հայ և այն էլ՝ թանգարանում» (Պ. Սևակ): Ոճրագործ երիտթուրքերը, որ համարվում էին «հայոց դահիճներ», գազանական գործողություններն իրականացնում էին թե՛ պետականորեն և թե՛ ոհմակային: Ժամանակի հրամայականով ոտքի ելան հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր և կարկառուն դեմքեր, ովքեր անմիջապես սկսեցին աշխատանք տանել թուրքական լծի տակ հեծող արևմտահայությանն ազատագրելու համար: Նրանցից առավել աչքի ընկան հնչակյաններ Փարամազը (Մատթեոս Սարգսյան), Վահան Բոյաջյանը, Արամ Աչըքբաշյանը, Պետրոս Թորոսյանը և այլք, ովքեր իրենց «աննենգ ժողովրդասերներ» էին անվանում՝ իրենց գործով վավերացնելով ասվածի ճշմարտությունը:
1914թ. մայիսին «Հնչակ» թերթում «Հայր Սիվա» կեղծանունով տպագրվում է Փարամազի վերջին հոդվածը՝ «Հայի պահանջը» վերնագրով, որի վերջաբանում հստակորեն ուղենշվում է հայի հայ մնալու ճանապարհը. «Հայը մեռնում է կաթիլ-կաթիլ: Փոխանակ կաթիլ-կաթիլ մեռնելու և անէանալու, հայը մեկ անգամ էլ պիտի մեռնի, որ հայը ապրի»: Նենգ դավադրությամբ թուրքական իշխանությանը հաջողվում է բանտարկել Հնչակյան կուսակցության 20 ղեկավարներին: Բանտում գտնվող բանտարկյալների հագուստները լվանում էին երկու հայ քույրեր: Փարամազը, օգտվելով առիթից, նրանցից մեկին է հանձնում իր թաշկինակը՝ խնդրելով այն փոխանցել Հայոց պատրիարքին: Նա գիտեր իր մոտալուտ մահվան մասին, ուստի առանց վարանելու թաշկինակի վրա գրել էր հետևյալը. «Սթափվեցե՛ք: Դիմեցե՛ք ինքնապաշտպանության: Ջարդը ման է գալիս հայերի գլխին…»: Մեկ տարի անց, դատավարության ժամանակ, երբ կայացնում էին դատավճիռը, Հնչակյան կուսակցության արծիվները խրոխտ կեցվածքով և աներկյուղ հնչեցնում են թուրք ժողովրդի իրական դատավճիռը. «Կախաղա՛ն և շղթա՛, մա՛հ և տանջա՛նք… արհամարհում ենք մեր բոլոր էությամբ, մեր կարողությամբ: Ձեր կախաղանների սյուները ազատության աշտարակներ են և նրանց չվանների վրա կախված մարմինները հավիտենական նախատինք ներկա կարգերի և նրանցհեղինակների համար:
…Մեզ 20-իս կկախեք, բայց 20 հազարներ պիտի հետևին մեզի»: Քրիստոս Իր խոսքով և կյանքով փոխանցեց. «Եւ մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող…» (Մատթեոս Ժ 28): Ոգին է կենդանարար, և մենք կոչված ենք այդ ոգին պահելու և դրանով միաբան ու հաստատ մնալու, իրավացիորեն պահանջելու վերստանալի և վերակենդանանալի մասը՝ Աստծուց մեզ բաժին տրված: Թող Աստված լինի մեզ զորակից՝ հայի արդարության պատերազմը մինչև վերջ հասցնելու, մեր ազգի եղեռնագործված զավակների հիշատակի սուրբ կտակն ապրեցնելու և արդար հատուցման մխիթարությունը գտնելու համար: «Վարձատրի՛ր նրանց, Տե՛ր, ըստ իրենց արարքների, իրենց անօրեն վարքի համեմատ հատուցի՛ր նրանց, նրանց ձեռքերի գործին նայելով՝ տու՛ր իրենց հատուցումը» (Սաղմոս 27:4): «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»: Ամեն»:
Հանդիսություն ուղեկցվեց Հնչակյան ջոկատների ազատամարտիկների պարգևատրությամբ, ազգային-հեղափոխական երգերի երեկոյով:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը:
Օրվա գլխավոր բանախոսն էր ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը, և ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: