Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ, սակայն առավել քան պատվականագույն է անկախ Հայրենիքը պահպանելու, զորացնելու կամքը, նվիրումն ու զոհողությունը: Ավետարանական մի սքանչելի դրվագ կա, երբ Հիսուս Երուսաղեմի տաճարի առջև կանգնածª դիտում է, թե ինչպես են եբրայեցիները տաճարի մոտ եղող գանձանակի մեջ իրենց ընծաները գցում: Նրանց շարքում մի այրի ու աղքատ կին կար, ով երկու լումա դրեց գանձանակի մեջ: Եվ Հիսուս, դիմելով Իր աշակերտներին, ասաց. «Այդ այրի կինը ավելի տվեց, քան բոլոր մյուսները, որովհետև նա տվեց ինչ որ ուներ ապրուստի համար»: Մյուսներն իրենց ավելորդից տվեցին, իսկ նաª ինչ որ ուներ… Դարեր շարունակ ողջ հայության առջև, որպես հավերժորեն բաց մի ընծայարան, դրված է եղել մեր Հայրենին, ուր ամեն ոք անցել է ընծայաբերման իր ճամփան և արժանացել Երկնային անդաստաններին:Հայոց ոստանի նվիրյա°լ զինվոր, դու այն միակն ընծայաբերողն ես, ով հայրենիքի պահպանման վեհ գործին ինքն իրեն է զոհաբերում, ով հավատարիմ է իր տված երդմանը, կոչմանն ու առաքելությանը, քանզիª «Վարդանի հոգին հրագունդ, անշէջ կը մտնէ ամէն հայու հոգւոյն մէջ»: Մեր քաջ նահատակների ոգով ու արյան կանչով տոգորվածª չես երկնչում անգամ մահվանից, քանզի գիտես, որ կարևորը հոգու անմահությունն է, որ մարմինդ զոհաբերելովª հար ու հավիտյան Աստծո ներկայությանն ես արժանանալու:Աստվածաշունչ Մատյանն ասում է. «Նեղությունները համբերություն են առաջ բերում և համբերությունըª տոկունություն, և տոկունությունըª հույս. և հույսը երբեք ամոթով չի թողնում» (Հռոմ. Ե 4-5): Անսալով երկնառաք պատգամ-հորդորին, աղոթենք, որ ՀՈՒՅՍԸ, որպես անշեջ ճառագայթ, դառնա ձեր վեհ գործի ուղենիշըª տոգորված հավատքով, սիրով և ինքնաընծայաբերմամբ: Եվ թող Բարձրյալն Աստծո Սուրբ Աջը պահապան լինի ձեզ, նաև զորակից և մարտակիցª ձեր սուրբ ու նվիրական առաքելության մեջ: Ամեն»: Քահանաներն ու հավատացյալները դատարկաձեռն չէին. իրենց հետ զինվորներին անհրաժեշտ պարագաներ ու հոգևոր գրականություն էին տարել: