Նավասարդ Սրբազանը մասնակցեց «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Նավասարդ Սրբազանը մասնակցեց «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին

Նավասարդ Սրբազանը մասնակցեց «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին

Հունիսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Տ. Մեսրոպ քահանա Արամյանի «Աշխատութիւններ» երկհատորյակի շնորհանդեսին: 

 

Ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բանակի հոգևոր առաջնորդության առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, գիտնականներ, մանկավարժներ:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ջերմագին շնորհավորանքն ու հայրական օրհնությունը Նավասարդ Սրբազանը փոխանցեց Տեր հորը, ապա գրքի լույսընծայման և ծննդյան հիսունամյա հոբելյանի առթիվ ի մասնավորի ավելացրեց. «Անհատները կրնան ուծացուիլ, նժդեհության, սրածութեան մատնուիլ, բայց երբ հաստատուն պահուած է սրտերու մէջ՝ տառերուն բեւեռը, լեզուին անշիջելի ճառագայթը, կը բավէ այդ ճառագայթը իրարու բերելու, իրարու միացնելու համար անհատները՝ իբրեւ ժողովուրդ, ժողովուրդը՝ իբրեւ Ազգ, Ազգը՝ իբրեւ հայկականութիւն» (Դանիել Վարուժան):


Աստվածճանաչողության և հոգևոր փնտրտումների, ազգի և սեփական ինքնությունը վերագտնելու մղումի շնորհիվ այսօր մեր հոգևոր իրականության մեջ կա և գործում է մեր սիրելի Տեր Մեսրոպ քահանա Արամյանը: Որպես եկեղեցասեր և շնորհառատ անձնավորություն՝ նա իր ողջ էությամբ լծվել է երկնառաք ժառանգության վեհությունն ու խորհրդավորությունն ազգին վերադարձնելու օրհնյալ առաքելությանը: Երկու տասնամյակից ավելի, որպես բարու և բանի սերմնացան, մշտավառ աշխատասիրությամբ և նախանձախնդրությամբ, անմնացորդ նվիրումով և անվերջանալի ավյունով վերարթնության հունդերն է ցանում մեր հայրենի անդաստաններում՝ վերակոչելով հայի աստվածատուր հավատքն ու այդ հավատքով գրված հայի պատմությունը:


Այս երկհատորյակը Տ. Մեսրոպ քահանա Արամյանի տքնության և ջանքերի արգասիքն է, որոնց շնորհիվ վեր են հանվել և բացահայտվել հայոց աստվածաբանական ժառանգության գոհարներն ու դավանաբանական մտքի գանձերը: Նա հայաշունչ և հայաշեն ոգու կրողն է, Այբ, Բեն, Գիմ-ի բևեռների միաձուլող լծակիցը և սուրբ գործի շարունակողը: Նա իր կյանքով ու աշխատանքով վկայությունն է այդ առաքելության: Մեսրոպ քահանայի հոգու սրատեսությամբ վերհառնում են գրաբարյան ոսկեղենիկ կոթողները՝ կենդանություն և նոր շունչ հաղորդելով նրանց գոյությանը: Նա հայ հոգևոր գրքի խոնարհ ուխտավորն է, ով Աստծո և իր ինքնության հետ մեսրոպահյուս թելերով դաշինք կապեց՝ «Մեսրոպ» զորեղ անվամբ կնքվելու, մաշտոցյան սուրբ երթով ընթանալու և Գրքի միջոցով հայի հոգու պատմությունը հավերժացնելու համար:
Նվիրյալ հոգևորականն ազգային արժեքները, հայի տաղանդն ու ներուժն արթնացնելու հզոր տեսլականով կյանքի է կոչում նաև մեր սիրասուն մանուկներին հայեցի դաստիարակելու ազգանվեր առաքելությունը: Հոգևոր ժառանգության քուրայով անցկացնում է նրանց ինքնագիտակցությունը և հնարավորություն ընձեռում ընկալել և իրենց մեջ անթեղել տրված հոգևոր արժեքները. «Արժեքները տվյալ ժողովրդի կյանքում բյուրեղացած, ամրագրված և սրբադասված ճշմարտություններն են: Ազգային ինքնությունը խարսխված է այդ արժեք-սրբությունների վրա… Սեփական արժեքների շուրջ համախմբվածությունը հայտարարն է տվյալ ազգի հոգու զորության և ամրության» (Տ. Մեսրոպ քահանա Արամյան):


Սիրելի՛ք, այսօրվա բարեբաստիկ առիթով՝ մեր սիրելի Տեր հոր ծննդյան 50-ամյակի առթիվ, հղում ենք մեր շնորհավորանքները: Մաղթում ենք նրան և իր բազմանդամ ընտանիքին երկար ու արևշատ օրեր: Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը՝ տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Թող օրհնաբեր լինի նրա աստվածապարգև ծառայությունը՝ շաղախված հայոց լուսահոգի հայրապետերի և սուրբ հայրերի բարի ավանդություններով»:

 

Երկհատորյակում տեղ են գտել Տ. Մեսրոպի շուրջ 25 տարվա աշխատանքի ընթացքում գրված ստեղծագործությունների մի մասը: Արցախի թեմի հոգևորական Տ. Մեսրոպ քահանա Արամյանը, ով նաև սցենարիստ, «Այբ» կրթական համահիմնադիր, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վեմ» ռադիոյի տնօրեն, ՀՀ նախագահի կրթության գծով խորհրդական է, հեղինակել է բազմաթիվ գրքեր, հոդվածներ, հեռուստա-ռադիոհաղորդումներ և ֆիլմերի սցենարներ:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2016-06-20
×